Կռիվ է ընկել «Պանդա» կոնֆետի համար
«Գրանդ Քենդի» ընկերությունը 25.10.2017 թ-ին դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին եւ հայտնել, որ հանդիսանում է «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանների իրավատերը (գրանցման համարներ՝ թիվ 24586, 25365 եւ 26112): Հանձնաժողովին հայտնել է նաեւ, որ ՀՀ տարբեր քաղաքների վաճառասրահներում հայտնաբերվել են իրենց ապրանքային նշանին շփոթության աստիճանի նման նշաններով ներմուծված ապրանքներ, ինչը կարող է հանդիսանալ անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Հանձնաժողովն այդ դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ «Chocopanda» անվանումով կոնֆետներն արտադրում է ՌԴ «Շոկոլենդ» ընկերությունը, որի պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում հանդիսանում «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ՍՊԸ-ն:
Պարզվում է, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը Մտավոր սեփականության գործակալությունում «Պանդա»-ի տեսքով ապրանքային նշանը գրանցել է 2016 եւ 2017 թվականներին:
«Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող կոնֆետներն արտադրող ռուսական «Շոկոլենդ» ընկերությունը ՏՄՊՊՀ-ին ներկայացված դիմումում նշել է, որ «Chocopanda» տեսակի կոնֆետներ գործարանն արտադրում է դեռեւս 2014 թվականից:
Նշենք, որ համացանցում պարզ որոնման արդյունքում հասկանալի է դառնում, որ «Պանդայի» տեսքով կոնֆետները ամբողջ աշխարհում հայտնի են իրենց նկարագրական բնույթի տարրի տեսքով` թափանցիկ փաթեթավորմամբ երկու կլոր կոնֆետների համակցությամբ, որը հանդիսանում է արտաքին տեսքը օժանդակող կամ համալրող մաս, և հանրության կողմից ընդունված բարեխիղճ ավանդույթների համաձայն արտադրական կամ առևտրային գործունեության մեջ իրացվում է դեռևս 2010 թվականից և տարբերակվում է միայն ապրանքային անվանումներով։ Արտադրվում և վաճառվում են աշխարհի այնպիսի գերտերություններում, ինչպիսիք են՝ Չինաստան, Ռուսաստան և Ճապոնիա։
2010 թվականին վաճառվել է Չինաստանի Ճապոնական Aji Ichiban խանութում (http://alwaysroomforpudd.blogspot.am/2010/05/panda-candy.html),
2011 թվականին՝ Չինաստանում (https://nummynims.wordpress.com/2011/03/19/panda-candy/),
2013 թվականին՝ Ճապոնիայում (http://stuffpoint.com/chocolate/image/327992/chocolate-pandas-picture/ ),
2014 թվականին՝ ՌԴ-ում (http://www.lakomkaspb.ru/product/konfety_shokopanda_(chocopanda)_vozdushnyy_ris_i_shokolad_3):
ՏՄՊՊՀ-ում դեռեւս շարունակվում է նշված հարցով վարչական վարույթը: Որքան էլ զարմանալի է, բայց Մտավոր սեփականության գործակալությունը, գրանցելով «Գրանդ Քենդի» ընկերության վերոգրյալ ապրանքային նշանները, չի էլ փորձել նույնիսկ համացանցում պարզ որոնման եղանակով փնտրել նման ապրանքային նշաննների առկայությունը և ամբողջ աշխարհով հայտնի և հանրության կողմից օգտագործվող «Պանդա»-ի տեսքով կոնֆետների նկատմամբ հեղինակային իրավունք է տալիս հայկական մի ընկերության։
Հարկ է նշել նաև, որ «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ՍՊԸ-ին հասել են տեղեկություններ, որ «Գրանդ Քենդի» ընկերության աշխատակիցները օգտվելով իրենց գերիշխող դիրքից՝ տնտեսվարողներին զգուշացրել են, որ եթե իրենց վաճառակետերում վաճառեն «Chocopanda» անվանումով ապրանքանիշը, ապա իրենք նրանց չեն տրամադրի «Գրանդ Քենդի» և «Գրանդ Տոբակո» ՍՊԸ–ների ապրանքատեսականիները: Նշված փաստի շուրջ ուսումնասիրություն կատարելու նպատակով «Արամ եւ Արաքսյա Դավթյաններ» ՍՊԸ-ն 27.10.2017 թ-ին դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին։