20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահի գաղտնիքը. Ժամանակ

«Սերժ Սարգսյանի հերթական հարցազրույցը բերեց նրա հետնախագահական կարգավիճակի վերաբերյալ դատողությունների, հարցադրումների հերթական ալիքին: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չունի իր անելիքի վերաբերյալ պատկերացում, չունի որոշում, եւ այդ ամենը կունենա, երբ կգա ժամանակը, եւ կհայտարարի, երբ կունենա պատկերացում, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչներն էլ շարունակում են համառորեն հայտարարել նրա հնարավոր վարչապետության եւ անբեկանելի առաջնորդության մասին: Գալուստ Սահակյանը, օրինակ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը: Միեւնույն ժամանակ, կարծես թե, մյուս ՀՀԿ-ականների շարքում էլ սկսում է ավելի շատ հնչել Սարգսյանի անունը՝ որպես վարչապետի իրենց թեկնածու: Առայժմ իհարկե ամեն ինչ մատուցվում է «անձնական կարծիքի» ռեժիմում, ինչպես 2012 թվականին ԲՀԿ-ն այդ ռեժիմում էր ներկայացնում Վարդան Օսկանյանի արմատական դիրքորոշումը իշխանության ու Սերժ Սարգսյանի հասցեին:

«Անձնական կարծիքը» Հայաստանի քաղաքական համակարգերում ունիվերսալ միջոց է պատասխանատվության հարցում մանեւրելու համար, որպեսզի հետո արդեն անձնական կարծիքին հակադիր որոշումներին կողմ քվեարկելիս ամեն ինչ բացատրվի կուսակցական կարգապահությամբ եւ նվիրվածությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանի «անձնական որոշման» բացակայության եւ ՀՀԿ-ականների «անձնական կարծիքի» գեներացման որոշակի հակադրությունը կամ հակասականությունը առաջացնում է հարց, թե ինչո՞ւ են կուսակցականները բացահայտ խոսում, իսկ Սերժ Սարգսյանը «ցրում» իր հետնախագահական կարգավիճակի թեման: Ինչո՞ւ է Սարգսյանն այդ թեման պահում գաղտնիք: Իրականում, սակայն, որքան էլ դժվար է թերեւս հավատալ, Սերժ Սարգսյանը գաղտնիք երեւի թե չունի, այլապես հազիվ թե նա ունենար այն թաքցնելու անհրաժեշտություն:

Սերժ Սարգսյանն իհարկե որպես քաղաքական գործիչ «դավանել» է «ծածկամտության» քաղաքականությանը, ինչը թերեւս ունի մի քանի պատճառ կամ շարժառիթ, սակայն հազիվ թե հնարավոր լինի դրանց շարքին դասել այսպես ասած վախը: Այլ հարց է հաշվարկը, երբ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին իմաստով, որոնց բարենպաստ դասավորության հարցում համոզվելուց հետո միայն կարող է լինել որոշում: Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, որ պարզապես չկա որոշում, որովհետեւ դեռեւս չկա հանգամանքների բարեհաջող դասավորության այնպիսի աստիճան, որը կտա որոշում կայացնելու հնարավորություն: Այստեղ, անշուշտ, առաջնային նշանակության գործոնների շարքում է նաեւ ուժային կենտրոնների հնարավոր վերաբերմունքը:

Սերժ Սարգսյանն անկասկած պարտադրված չէ կատարել որեւէ ցուցում, եւ ցուցում թերեւս չկա էլ, անգամ Ռուսաստանից, քանի որ այդ իմաստով Հայաստանի հարցում թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը թերեւս ունեն այսպես ասած՝ առավել հիմնարար եւ ռազմավարական մոտեցումներ, ձեւավորել են ամեն մեկն ըստ իր ազդեցության մասշտաբի գործունեության եւ ներկայացվածության մեխանիզմներ, որոնք որոշակիորեն անկախ են անձերից կամ, այսպես ասած, դիվերսիֆիկացված են անձերի միջեւ:

Հետեւաբար խնդիրն այստեղ ոչ թե Սերժ Սարգսյանին որեւէ որոշում պարտադրելն է, այլ ընդամենը այսպես ասած տրամադրության մակարդակում վերաբերմունքը նրա Առաջին դեմքի կարգավիճակը չզիջելու հնարավոր որոշման հանդեպ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ