27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի ներկայությամբ տրվել է Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:

Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և դեկտեմբերի 15-ին տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով:

Առաջին փուլով ստեղծվել  են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը  կազմակերպելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես  ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարապետյանը նշել է, որ ԱՏԳ-ի հետ կապված կառավարության մտադրությունները լուրջ են: «Մեր մտադրությունները բավական լուրջ են, որովհետև վստահ ենք, որ այն պայմանները, որոնք ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում և այն հնարավորությունները, որոնք ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որոնք մենք ունենք ԵԱՏՄ-ի, Եվրամիության, մեր հարևան Իրանի ու այլ երկրների հետ, շատ լավ հնարավորություններ են ստեղծում, որպեսզի բիզնեսը զարգանա»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ տնտեսական գոտում նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առևտուրը, զբոսաշրջությունը, ակնկալվում է, որ իրանցի գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի դուրս գան և Եվրամիության, և ԵԱՏՄ շուկաներ: «Ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները կտեղակայվեն այստեղ, որպեսզի Իրանում աշխատելու հնարավորություն ունենան: Վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ լավ հեռանկարներ: Ուրախ ենք, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին, սակայն իսկական աշատանքը հիմա է սկսվում»,- ընդգծել է  նա:

Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն   գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները։

Ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն շուրջ 1500 նոր աշխատատեղ և կարտահանեն 250 մլն դոլարի ապրանքներ և ծառայություններ։

Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմները, կարող է կամուրջ  դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև։ Բացի այդ, Մեղրու ազատ տնտեսական գոտին կնպաստի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այլև Հայաստան օտարերկրյա կապիտալի ներհոսքին, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Վարչապետ Կարապետյանի ներկայությամբ ստորագրվել են ազատ տնտեսական գոտու գործունեության առաջին փաստաթղթերը: Մասնավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։ Այն ստորագրել են նախարար Սուրեն Կարայանը և Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն  Աշոտ Զարբաբյանը:

Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի միջև: Փաստաթուղթը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն  Աշոտ Զարբաբյանը և  «Հայհիդրոէներգանախագիծ»  ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արգամ Ջուլհակյանը:

Համագործակցության հուշագիր է կնքվել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և ­­­­­­­­­­­­­­­«Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի միջև: Հուշագիրը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն  Աշոտ Զարբաբյանը և «Արման ընդ պարտնյոր»  ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը:   

Համագործակցության հուշագիր է կնքվել նաև «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի և ­­­­­­­­Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության միջև, որը ստորագրել են Մեղրի ԱՏԳ-ի տնօրեն  Աշոտ Զարբաբյանը  և առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ