Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում. նախագահ (տեսանյութ)
«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Բայց եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել… ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսել է ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվող վիզաների ազատականացման գործընթացի մասին ևս։
«Ուզում եմ, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ նոր համաձայնագիրն առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրերի ազատականացումը, կամ, ինչպես դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումը, այլ գործընթաց է:
Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայնագիր` չի նշանակում, որ ինքնին սկսվեց վիզաների կամ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը:
Այո՛, գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երևի թե անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա, միգուցե, առաջին կեսին կամ մինչ այդ, թեև անշնորհակալ գործ է երկրով մեկ հայտարարություն անել որևէ ժամկետի մասին, բայց, կարծում եմ, այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այստեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարիների ընթացքում հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»,-նշել է Սերժ Սարգսյանը:
«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո, սա իմ համոզմունքն է: Կարծում եմ` առողջ տրամաբանությունն իրոք հաղթեց։ Եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում, դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի, գոնե, նվազագույնին: Այնպես որ, թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը՝ զուտ բանակցային պրոցես է: Մեզ համար երբեք երկխոսությունն Արևմտյան և Արևելյան ուղղություններով չի դիտարկվել որպես հակադրություն։ Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ, թեև դժվար է Ռուսաստանն անվանել Արևելք, բայց կոնկրետ Ռուսաստանի հետ: Շատ լավ առիթ է, որպեսզի ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը, որովհետև շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, ուղղակի, երևի, իրենց նեղություն չէին տվել մի քիչ հետ գնալ և սկսել ակունքներից:
Եթե հիշում եք` Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թվականին, և այն ժամանակից սկսած մենք բանակցություն էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ, եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, նույնիսկ դրանից մի քիչ ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ Եվրամիության հետ բանակցությունների առաջին փուլը սկսում էիք, մենք անկեղծորեն մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ` տեսե՛ք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը, և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ՌԴ-ի հետ, իհարկե, նաև ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ:
Մենք ասացինք, որ չենք կարող բանակցել մի թեմայի, մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին, և, ինչպես իրենք ասացին, ըմբռնումով մոտեցան։ Մենք տևական ժամանակ բանակցում էինք, բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել, թե` գիտեք, Եվրասիական տնտեսական միության այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին և այլն, և այլն։ Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Եվ մենք ստիպված էինք հիշեցնել, որ մենք դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որը շատ մեծ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենն արել ենք թափանցիկ` բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը` Ասոցացման համաձայնագիրը, չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին:
Եվ երբ մարդիկ խոսում են ու ասում՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար սա, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն, քննարկումները կան, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող»,-նշել է նախագահը: