Կարեն Կարապետյանը չի կարող առաջին լինել. Ժողովուրդ
Որքան մոտենում է 2018 թվականի ապրիլը, այնքան Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքն ավելի ակտիվ եւ սուր բնույթ է ստանում: Զուգահեռ «շատանում են նաեւ ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալն անխուսափելի համարող հայտարարությունները:
Վերջիններս արդեն ուղղակի հայտարարում են. որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ հենց նա պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին նշեց նաեւ Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
-Պարոն Կարախանյան, այս օրերին ամենաքննարկվող թեման թերեւս Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալու հարցն է: Դուք՝ որպես ՀՀԿ-ական, ի՞նչ եք կարծում՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան:
-Գիտեք, ես մնում եմ իմ համոզմանը, որ Սերժ Սարգսյանը հազվագյուտ քաղաքական գործիչ է, որն անցել է խրամատով, անցել է ճանապարհ եւ էվոլյուցիոն ձեւով կարողացել է քայլեր կատարելով՝ հասնել նախագահի պաշտոնին: Եվ ես ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որեւէ մեկին, որը կարող է ստանձնել այդ պաշտոնը: Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա:
-Զեզ համար Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է անփոխարինելի:
-Ինքը քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ եթե Կարեն Կարապետյանը կհամոզի, որ ինքը ճիշտ տնտեսական ծրագրեր է իրականացնում, ինքը կարող է տնտեսական բլոկը զարգացնել: Բայց Երկրի ղեկավար ես իսկապես տեսնում եմ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ քաղաքական դաշտի պրակտիկան, շփումները, հազար ու մի բաներ կան, որոնք Սերժ Սարգպանի մոտ աննախադեպ են, բարձր են նամանավանդ արտաքին հարաբերությունների հարցում: Կարեն Կարապետյանի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած:
-Օրինակ՝ Գալուստ Սահակյանը նշեց, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունի: Համակարծի՞ք եք:
-Ես այդպես շատ կոշտ չէի ասի, որովհետեւ նույն թիմը նաեւ Կարեն Կարապետյանի թիմում է, եւ մենք իրար հետ համագործակցում ենք: Ես անձամբ իր նկատմամբ հարգանք ունեմ, բայց դա բավարար չէ՝ երկրի առաջին դեմք լինելու համար:
-Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց, շատ խոստումներ տրվեցին: Ըստ Ձեզ՝ դրանք իրականացվե՞լ են:
-Ես միգուցե տնտեսական հարցերից լավ չեմ հասկանում, սակայն ինչ-որ բան գուշակում եմ, որ ինքը երկարատեւ ծրագրերի խնդիր է դրել եւ ուզում է, որ րոպեական լուծումներ չլինեն, այլ այդ խոստումներին հետեւի: Այսպես կարող եմ ասել, որ պետք է ունենանք լավ ապագա եւ հույսով ապրենք:
-Դրան միտված քայլեր տեսնո՞ւմ եք:
-Էլի եմ ուզում կրկնեմ, որ դա րոպեական չի, այսօրվա չի: Կարծես թե իր խոստումներից գալիս են ծրագրեր, որոնք վաղը, մյուս օրը, մեկ, երկու, երեք տարի հետո իրողություն են դառնալու: Բայց այսօր՝ ոչ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: