«Հյուսիս-հարավ» ճանապարհը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է. նախագահ
«Հյուսիս-հարավ» ճանապարհը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է, և այս առումով գիտակցված պետք է մոտենանք ծրագրին: «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ կապված խնդիրներին:
«Երբ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կախված ապարից, կախված նրանից՝ ուզում եք թունել կառուցել, թե՞ ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջ կառուցել, թե՞ նորից շրջանցիկ ճանապարհը և այլն: Դրա համար նախնական գնահատականը չի կարող հիմք հանդիսանալ:
Երկրորդ, այդ գնահատականում հաշվի առնված չէր սեփականշնորհված հողերի և բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են, որևէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառելով մարդկանց ասենք դուք այստեղից գնացեք, մենք ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չէ, հատկապես որ Ասիական բանկը պահանջում է, որ ձեռք բերենք շուկայական գներից մի բան էլ 10 տոկոս բարձր: Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում»,-հավելել է նախագահը:
Սերժ Սարգսյանը հաջորդ խնդիրը համարել է այն, որ երբ ծրագիրը սկսվում էր, այնպես չէր, որ համաշխարհային ճգնաժամն արդեն շատ շոշափելի երևում էր.
«Հիշում եք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, ավելի շատ միջոցներ ծախսել, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովենք, որպեսզի սոցիալական լարվածություն չլիներ երկրում, այո, կայունությունը գերադասեցինք ճանապարհի արագ կառուցմանը, ո՞րն էր ճիշտ… Կարծում եմ` ճիշտն այդպես էր: Մենք կարող էինք ունենալ, չգիտեմ, ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն: Երկարաժամկետ ծրագրերն, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց դրանք ենթակա են որոշակի փոփոխությունների ՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»,-եզրափակել է նա: