Կստեղծվեն 18 նոր աշխատատեղեր՝ 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի «Բալաբեկյան Ագրո» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրվեց՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց. «Կազմակերպությունը նախատեսում է Կոտայքի մարզի Արզական համայնքում ութ հեկտար տարածքի վրա հիմնել ինտենսիվ այգիներ։ Ընդհանուր ներդրման ծավալը կազմելու է 120 միլիոն դրամի սահմաններում, որից 20 միլիոն դրամն արդեն իսկ ներդրված է։ Ծրագրով նախատեսվում է, որ կստեղծվեն 18 նոր աշխատատեղեր, 80-90 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ԱԱՀ-ի հետաձգում տրամադրել և 56 միլիոն դրամի շրջանակներում ներմուծվելիք սարքավորումների և հումքի համար մաքսատուրքի զրոյացում»,-ասաց փոխնախարարը։