ՀԷՑ-ը հանիրավի ավել գումարնե՞ր է գանձում
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» սպառողներից հանիրավի ավել գումարներ է գանձում՝ հաշվիչ սարքերով ավելի կիլովատեր գրելով:
Այսօր այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Մեզ դիմել էր «Նատորքլին» ՍՊԸ-ն՝ խնդրելով ստուգել 2013- 2017 թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ՍՊԸ-ից գանձված վճարումների օրինականությունը: Նրանց խնդիրը հետևյալն է՝ իրենց ստուգումների արդյունքում պարզվել է, որ ունեն էլէներգիայի գերավճարներ: Երբ ուսումնասիրեցինք, պարզվեց, որ ՀԷՑ-ը այս կազմակերպությունից գանձել է 890 հազ. կվ/ժ ավել գումար 2013-2016 թթ. ընթացքում: Եթե այս թիվը բազմապատկենք 40 դրամով, ստացվում է հսկայական գումար:
Եթե պատկերացնենք մեր բնակիչների հետ կապված, պատկերացնո՞ւմ եք ինչքան հոսանք է օգտագործվել, ուղղակի սա վառ օրինակ է»,- ասաց բանախոսը:
Ըստ բանախոսի՝ էլեկտրացանցերի աշխատողները, ավել գումարներ գրելով, կարողանում են յուրացնել բնակիչներից մեկի փողերը, ուրիշի հաշվին:
«Գիտե՞ք ինչպես, օրինակ՝ ես ասում եմ՝ արի իմը քիչ գրի, ես փողը քեզ կտամ, ինքը իմ հաշիվը փակում է ուրիշ հարևանի հաշվով: Նա վճարում է իմ տեղը, բայց իմ գումարները էլեկտրացանցերի աշխատողը վերցնում է իրեն»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը: