Գերմանիայում Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է ինչ գտնվում է բանտում:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական»(SPD), «Ձախերի»-ի և «Կանաչներ»-ի կուսակցությունների խմբակցությունների նախագահները:
Վերջիններիս կողմից արված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում ազատ արձակել ոչ միայն Դեմիրթաշին, այլև անազատության մեջ գտնվող այլ պատգամավորներին:
Կուսակցության անդամները շեշտել են, որ Դեմիթաշի դեմ իրականացվող դատական գործը քաղաքական շարժառիթներ ունի, ինչը անընդունելի է իրենց համար:
Հիշեցնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու և վերջինիս օգտին քարոզչություն անելու» մեջ:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման: