Ամեն ինչ ավարտված չէ. Լիտվայի դեսպան
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը վստահեցնում է՝ Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Ասոցացման համաձայնագրի շրջանակում իրականացված բարեփոխումների արդյունքում: ՛՛Մենք այդ մասին արդեն հայտարարել ենք, որ շարունակելու ենք բոլոր բարեփոխումները, հատկապես, այն ոլորտներում որտեղ դրանք նախանշված էին: Կյանքը Վիլնյուսով չի ավարտվում՝ այդպես էր ասված Վիլնյուսյան գագաթնաժողովին հնչած բոլոր ելույթներում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Նա նշեց, որ Վիլնյուսից հետո Ռիգայի գագաթնաժողովն է լինելու, և այդ պատճառով ամեն ինչ միայն շարունակվում է, ոչ թե՝ ավարտվում:
Ինչ վերաբերում է Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանն, ապա դեսպանը շեշտեց` դա ընկալում են՝ որպես ինքնիշխան երկրի որոշում, և Լիտվան հարգում է այդ որոշումը: ՛՛Ուղղակի մենք շատ գոհ ենք, որ ՀՀ նախագահը եղավ Վիլնյուսի գագաթաժողովին, արտահայտեց իր մտադրությունները, ինչը շատ կարևոր է՛՛:
՛՛Նայեք հռչակագիրը, որն ունի 54 պարբերություն: Ստորագրված փաստաթղթում շատ բան է ամրագրված, այն, ինչին հասել է Հայաստանն այս տարիների ընթացքում` բանակցելով եվրաասոցացման ուղղությամբ՛՛,-այսպես է հակադարձում դեսպանը վատատեսներին:
Ներկայումս Եվրոպական միությունը փորձում է օգնել Ուկրաինային ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: ՛՛Մեզ երկու շաբաթ է մնացել նախագահության ավարտին, և մենք այն կփոխանցենք հույներին: Գունե նրանք ավելի մեծ արդյունք ցույց տան՛՛,-եզրափակեց Լիտվայի դեսպանը Հայաստանում: