ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԼՂ խնդրի վարաբերյալ հայտարարություն է ընդունվել
Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Համանախագահող երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում ունեն միասնական հանձնառությունը, հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում: Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը այս հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հանդեպ՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրական հաշտեցման բերելու միակ ճանապարհ:
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսության վերսկսումը հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք մեր գոհունակությունն ենք արտահայտում ակտիվացած բանակցությունների կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին կենտրոնացնել իրենց ջանքերը քաղաքական կարգավորման բովանդակային հարցերին փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ: Հետագա դադարներն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել տևական համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը:
Հղում կատարելով շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցներ նախաձեռնելու երկու նախագահների հանձնառությանը՝ կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնումը: 2016թ-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված մյուս որոշումները ևս պետք է իրականացվեն: Մենք ողջունում ենք այն հանգամանքը, որ կողմերը դիտարկում են հայերի և ադրբեջանցիների միջև մարդկանց միջև վերականգնմանն համանախագահների համանախագահների առաջարկները և աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ջանքերին՝ ուղղված անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այս կարևոր հումանիտար քայլերն անհարկի քաղաքականացնելուց:
Մեր երկրները պատրաստ են սերտորեն աշխատել կողմերի հետ՝ տեղական և խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Մենք հանձնարարել ենք մեր համանախագահներին շարունակել իրենց միջնորդական ջանքերը՝ առաջ մղելու կողմերին ներկայացված աշխատանքային առաջարկների փոխզիջումները, սակայն շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնային պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վրա»։