Որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում. ՀՀԿ-ի ակնարկը՝ ԲՀԿ-ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ 2018 թվականի բյուջեն իրատեսական է, այն կայունացման բյուջե է: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում բյուջեի լրամշակված ու վերջնական տարբերակի քննարկման ժամանակ՝ հանդես գալով խմբակցության անունից ելույթով:
«Չափազանցված թվեր ու տողեր չկան այս բյուջեում, բյուջեի վրա ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք հասնել այն նպատակին, որը հետապնդում է Կառավարությունը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների քննադատություններին, մասնավորապես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասածներին, թե ՀՀԿ-ն իր ձայների մեծամասնությունն ընտրակաշառք բաժանելով է ստացել, Վ. Բաղդասարյանը շեշտեց. «Ելույթների մեծ մասում անդրադարձ էր կատարվում ընտրություններին: Այս ելույթները պետք է լինեին կամ նախընտրական, կամ հետընտրական շրջանում: Եթե հիշում եք, շատ մեծ գոհունակություն էին հայտնում այն ուժերը, որոնք այդ արգելքը հաղթահարել էին և եկել ԱԺ, ընտրությունների ժամանակ որևէ ուժի հանձնաժողովի անդամի կողմից չի եղել դիտարկում, որևէ ցույցեր չեն եղել, ընդամենը եղել է մեկ դիմում ՍԴ ՀԱԿ խմբակցության կողմից, այսինքն՝ բոլորը գոհ էին, իսկ ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ես խնդրում եմ՝ բոլորդ մոնիտորինգ արեք, թե ում ռեսուրսներն ինչքան էին, և որտեղից էին դրանք, եթե դուք ասում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք՝ ձեր ռեսուրսները որտեղից էին, որ կարողացաք այդքան ձայն ապահովել»:
Իսկ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ներդրումների վերաբերյալ միայն փուչիկներ են, իրական ներդրումներ չկան, ապա Վ. Բաղդասարյանը շեշտեց. «Ներդրումների հետ կապված՝ ինձ թվում է, որ որևէ բան չի խանգարում մեր երկրի զարգացման համար, որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում, եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունեnալ մեր երկրի զարգացմանը, կարող են 15 միլիարդի ներդրում կատարել, և իշխանութունը պարտավորվում է, որ այդ վերահսկողությունը ստանձնեն ընդիմադիրները, և վերասկողություն ստանձնեն նրանք»:
Հիշեցնենք, որ նախընտրական փուլում ԲՀԿ Գագիկ Ծառուկյանն էր խոստացել ներդրումներ բերել ընտրվելու դեպքում: