Առաջ դհոլ-զուռնայով էին բանակ ճանապարհում, հիմա վախով

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնում է, որ տարկետում պիտի լինի, եթե բացառիկ շնորհալի ուսանողներ կան, ովքեր ազգին շատ պիտանի են: «Նրանց համար տարկետում կարելի է կիրառել, բայց տարկետումը, որ դնում են շրջանառության մեջ, դառնում է կոռուպցիայի միջոց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինս կողմ է, որ տարկետում չլինի. «Առանց այդ էլ այս երկիրը բանակ չունի, քայքայվել է»: Նա նշեց, որ բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր գտնվում են հետախուզման մեջ՝ խուսափելով պարտադիր ծառայությունից՝ սկսած 92 թվականից: «Այդ ցուցանիշը չեմ հրապարակում, բայց այն խայտառակ ցուցանիշ է: Եվ հիմա փոխանակ սրանք զորահավաքի խնդիրը լուծեին, պայմաններ ստեղծեին, որ այդ երիտասարդները չփախնեին, հետ գային: Նախկինում մարդիկ ուրախանում էին, երբ իրենց զավակներին բանակ էին տանում, հիմա տնից 200 կմ-ից ավել պիտի գնա, մտահոգվում են, վախն ինչո՞ւ է մտել մեջները, որովհետև անառողջ մթնոլորտ է տիրում»,-նկատեց Մալխասյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը խնդիրներից թվարկեց այն, որ հաճախ ընտանիքի անդամներն են հագուստ կամ ուտելիք ուղարկում զինծառայողներին: « Թող այդ անառողջ մթնոլորտը վերացնեն, բոլորը դհոլ-զուռնայով գնան ծառայելու: Սա է մեր առաջնային խնդիրը»,-եզրափակեց Վարդան Մալխասյանը: