«Եթե իրենք զենք չվաճառեն Ադրբեջանին, ուրիշ երկրները կվաճառեն»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ՀՀ նորագույն պատմության մեջ կարևորագույն փաստաթուղ է համարվում, բայց միաժամանակ մի բան պետք է լավ հիշել․ ՌԴ-ի հետ հարկավոր է բարեկամական կապերն ամուր ու անխախտ պահել։
«Վերջին 20 տարվա ընթացքում մեր երկրում 15 մլրդ դոլարի ներդրում է արվել, որից 10 մլրդ դոլարի ներդրումները եկել են ՌԴ-ից, իսկ, ասենք՝ ԱՄՆ-ից՝ կես միլիարդ, Եվրոպայից՝ 3,5 միլիարդ։ Թեկուզ այս փաստը կարևորելով՝ պետք է փաստենք՝ ՌԴ-ն կարևոր դերակատարում ունի նաև մեր երկրի տնտեսության մեջ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ադիբեկյանը։
Սոցիոլոգն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե հայկական կողմի համար ՌԴ-ն չի կարող դաշնակից համարվել, քանի որ այդ երկիրը զենք է վաճառում Ադրբեջանին։
«Ռուսներն էլ են հստակ փաստարկ ներկայացրել․ եթե իրենք զենք չվաճառեն Ադրբեջանին, ուրիշ երկրները կվաճառեն», – նշեց Ադրբեկյանը։
Վերջինս հիշեցրեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեր երկրի առաջ նոր հեռանկարներ է բացելու, բացի այդ՝ ՀՀ-ն աստիճանաբար ասոցացվելու է եվրոպական ստանդարտներին։
«Տարբեր ոլորտներում առաջ ընթանալու հանարավորություն ենք ստանում․ հարկավոր է օգտվել այդ շանսերից», – նշեց սոցիոլոգը։