44-ամյա բնակիչը բերման է ենթարկվել հորը սպանելու կասկածանքով
Արարատի մարզի Այգեզարդ գյուղի տներից մեկում 70-ամյա տղամարդու դի է հայտնաբերել, ում սպանելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել նրա որդին։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Նա հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է: Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել: Տեղում իրականացված ծավալուն հետախուզական միջոցառումներով Արտաշատի քրեական հետախույզները պարզել են հետևյալը. նախնական տվյալներով Պետիկ Աբրահամյանն ու 44-ամյա որդին վիճել են: Նա հայտնաբերվել ու հորը մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն: Տարածքային նախաքննական մարմնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են»,-գրել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը։