24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անպայման նայում են, թե ինչքա՞ն փող տվեցին քահանային

Ժպիտով սկսենք օրը: Զինվենք համբերությամբ: Հիշենք մեր պարտքը:
Երբ դու որպես քրիստոնյա հաստատ ես քո հավատքի մեջ, ամուր ես քո համոզմունքի մեջ, ապրում ես քրիստոնյային վայել կյանքով` քո կարողությունների չափով, ու անխզելի կապով կապված ես եկեղեցուն` ուրեմն առաջիկայում սպասիր…

1. Հանդիմանություններ` «Դարձել ես իսկական հավատացյալ» վերնագրով.
2. Անուշադրություն` նույնիսկ մերձավորից «չեն հանդուրժում քո նոր մարդ լինելը». նույնիսկ ասում են. «առաջ կարգին մարդ էիր, ի՞նչ եղավ քեզ»:
3. Հաճախակի հարձակումներ` իրենց հետ չհամաձայնվելու առիթով:
4. «Ես էլ իմ մեջ հավատում եմ, բայց քո նման չեմ դառնա հավատացյալ»:
Հանդիմանությունները շատ են, թերևս այսքանը…

Սակայն դու մնում ես անդրդվելի, շարունակում ես ապահովել հոգևոր աճդ, կարդալով Աստվածաշունչ, մասնակցելով Պատարագների, ներկա լինելով քարոզների, բնականաբար տեղեկացնելով և հրավիրելով շուրջդ գտնվող մարդկանց: Ժամանակ անց հանդիպումների ժամանակ սկսում են վիճել հետդ, չգիտես ինչու անպայման եկեղեցու թեմայով, առավելապես մոմի վաճառքի և էլի նման անհիմն թեմաներով:

Եթե հստակ պատասխաններ ունես, լավ: Եթե չունես, ուրեմն ով ինչ անհեթեթ բան գիտի, ժամանակին լսած, քեզնից հաշիվ է պահանջում: Խոսքս այն մարդկանց մասին է, որ մկրտված են, երբեմն -երբեմն մոմ են վառում եկեղեցում, մեկ էլ ինչ որ մեկի հարսանիքին լինում են եկեղեցում, ու անպայման նայում են, թե ինչքա՞ն փող տվեցին քահանային, որ նյութ ունենան խոսելու:
Դու շարունակում ես սիրալիր վերաբերվել, ներողամտությամբ ապրել, հնարավորություն դեպքում օգնել, ինչով որ կարող ես: 

Գալիս է հաջորդ փուլը: 
Մոտենում են Տաղավար տոները, սկսվում են զանգերը:
Զատիկը շաբաթա՞, թե՞ կիրակի:
Էսի էն զատիկն է՞, որ ձու են ներկում:
Գերեզման կիրակի՞ են գնում, թե՞ երկուշաբթի:
Թազա մեռելներին կիրակի՞ են գնում:
Կարելի է՞ լողանալ Զատկին
Ձուն ե՞րբ են ներկում, հինգշաբթի՞, տան անդամների թվո՞վ, և այլն ևայլն և այլն.
Սա Զատկին վերաբերող հարցերի մեկ տոկոսն է դեռ:

Դու շարունակիր համբերությամբ պատասխանել, բացատրելով Տոների իրական խորհուրդը, ոչ թե ինքնահնար քրիստոնեությանը կուլ գնա: Սկսվում է ամենալավ փուլը: Արդեն դեպի քեզ եկողներ են նշմարվում, քեզ հետ հաշվի են նստում եկեղեցու թեմաների շուրջ խոսելիս, սկսում են հետաքրքրվել Պատարագից, եկեղեցու խորհուրդներից, Աստվածաշնչից և լուրջ հարցերից: Այստեղ արդեն դու գործ ունես անելու:

Առաջին գործը նրանց եկեղեցի ուղղորդելն է, լավ կլինի քեզ հետ տանես ու աստիճանաբար օգնես, սովորեցնես: Մենք էլ որպես քրիստոնյա պարտավոր ենք օգնել մեր եկեղեցուն նվազագույն բաներով, մեր գիտելիքի և կարողության չափով: Կարևորը համբերությունն է, ծառայելու պատրաստակամությունն է, Աստծո սիրո համար ամեն տեսակ կշտամբանքների և նկատողությունների համբերելն է, որովհետև վերջը բարի է…Թագն ու Պսակը հանդերձյալում է սպասվում քո համբերության համար:Փառք Աստծուն նաև համբերության շնորհի համար:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ