04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է մասնավոր հատվածի զարգացմամբ ու ընդլայմամբ, հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների ավելացմամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է ուշադրություն դարձնել նաև կրթության բնագավառին՝ այդպիսով սեփական բիզնեսի համար պատրաստելով նաև բարձրակարգ կադրեր: Նա ավելացրել է, որ պետությունը շահագրգռված է բիզնեսի և կրթական համակարգի համագործակցությամբ և վստահություն է հայտնել, որ այն կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում առկա մեծ ներուժի իրացմանը: «Կառավարության այսօրվա նիստում ևս մենք փոփոխություններ կատարեցինք հարկային ու մաքսային վարչարարությանը վերաբերող օրենքներում, որոնք արտասահմանյան ներդրողների համար կարևորագույն կարգավորումներ  են նախատեսում: Համոզված ենք, որ այս փոփոխություններն ու կարգավորումները բիզնեսը լավագույնս զգալու է: Կառավարությունը պատրաստ է արձագանքել բիզնեսի յուրաքանչյուր խնդրի: Պետությունմասնավոր հատված համագործակցության մասով ևս ծրագրում ենք նոր գործողություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Ժան Իվ Շարլիեն ևս կարևորել է կրթական ծրագրերի իրականացումը և ընդգծել, որ «ՎԵՈՆ»-ը պատրաստվում է շարունակել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը: Նրա խոսքով,  արդեն իսկ պատրաստ են 2018 թվականի համար Հայաստանում նախատեսված միջոցառումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում նախատեսվող ծրագրերին, մասնավորապես, հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում  «ՎԵՈՆ»-ի ներգրավման հնարավորություններին:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ