Ի՞նչ կորցրինք
Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ամփոփում է Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները, ներկայացնում է իր տեսակետը ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների մասին ու թվարկում Մաքսային միությունից մեր ունեցած շահերը:
-Պարոն Զաքարյան, Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո կարծիքներ հնչեցին, որ Եվրոպան փակել է դուռը Հայաստանի առջև, այդպե՞ս է:
-Եվրամիության ու Հայաստանի միջև համատեղ հայտարարություն է արվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, դա տրամաբանորեն հակառակն է ասում, որ Հայաստանի և ԵՄ-ի հետ համագործակցությունն ունի ապագայի համար ավելի լայն հնարավորություններ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի չստորագրելը դեռևս չի նշանակում, որ Հայաստան և ԵՄ հարաբերությունները ինչ-որ առումով վտանգված են, դրանք շատ ավելի առաջ են եղել, քանի այդ համաձայնագիրը, և այդ առումով, բնականաբար, սխալվում են բոլոր այն տեսակետներն, իմ խորին համոզմամբ, ովքեր գտնում են, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կարող է մտնել փակուղի: Մենք շարունակելու ենք Արևելյան գործընկերության շրջանակներում մեր մասնակցությունը և շարունակելու ենք ԵՄ բոլոր ինստիտուտների հետ աշխատանքը:
–Տնտեսական առումով հնարավո՞ր է ինչ-որ բան կրկին սկսել կամ շարունակել:
-Իհարկե, հնարավոր է, և մշակութային ոլորտում, և կրթության ոլորտում, և նաև բարեփոխումների այս կամ այն որոտում կատարվող աշխատանքներում: Բայց ընդհանուր առմամբ առևտրատնտեսական հարաբերությունների և նաև դրանց զարգացման հեռանկարների առումով մեր երկիրը նախընտրել է ավելի ներգրավված լինել Մաքսային միության շրջանակներում, հետագայում Եվրասիական տնտեսական միության մեջ: Դա ճիշտ ճանապարահ է, ու տնտեսական առումով ավելի շոշափելի հնարավորություններ կտա: Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության մեջ ինտեգրման բոլոր հնարավորությունների հետ մեկտեղ հումանիտար նշանակության բարեփոխումները հնարավորություն են տալիս` գտնվելով աշխարհաքաղաքական բարդ դրության մեջ ունենալ անվտանգ, բնականոն զարգացող հասարակություն և ժողովրդավարական պետություն` իր դրական իմիջով:
-Ի՞նչ կորցինք` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելով:
-Քաղաքական առումով ոչինչ չկորցրինք, գուցե ոլորտում մասնագիտական առումով ավելի խորը ուսումնասիրությունների պարագայում լինեն թերի և առավել կողմեր: Իհարկե, յուրաքանչյուր ընտրություն, մոտեցում ունի իր դրական ու բացասական կողմերը, բայց ամեն ինչ պետք է դիտել հաշվեկշռի մեջ, հաշվեկշռի մեջ մենք ոչինչ չենք կորցրել` չստորագրելով Խորը և համապարփակ ազատ առտևտրի գոտու համաձայնագիրը: Ոչինչ չենք կորցրել, որովհետև մեր գործընկերները մեզ շատ լավ հասկանում են, գիտակցում են մեր ընտրության առաջնահերթությունը, և այդ մեր ազգային պետական կեսական շահերի համախմբումն է, որը սկսվում է անվտանգությամբ, իր մեջ ներառում է տնտեսական էներգետիկ ու կոմունիկացիոն նախապայմաններ:
Արտաքին հարաբերությունները երբեք չեն սահմանափակվում, և ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շահերը չեն սպառվել, ու Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության շահերը ևս չեն սպառվել:
-Այսինքն` միանշանա՞կ է, որ Մաքսային միությունից ամենակարևորը, որ ձեռք ենք բերում անվտանգությունն է:
-Ավտանգություն, տնտեսական ռեսուրսներ, փոխշահավետ տնտեսական հնարավորություններ, էնէրգետիկ անվտանգություն ու լրացուցիչ հնարավորություններ նոր կոմունիկացիոն մատչելի հաղորակցություն ունենալ, ահա առավելությունները: