Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են
Սեռավարակաբան-մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ վարակիչ հիվանդությունները հիմնականում տարածվում են մարդկանց տեղաշարժերի ժամանակ: «Արտերկիր մեկնում են սեռահասուն տղամարդիկ, ովքեր ունեն ընտանիք, այսինքն` ունեն նաև սեռական հարաբերությունների փորձ ու պահանջ։ Նրանց մեծ մասը մեկնում է Ռուսաստան: Ռուսաստանում սեռական պահանջը բավարարելու մատչելի, արագ, մեծ հնարավորություն կա: Ռուսաստան մեկնելու պատճառներից մեկն այն է, որ սեռական հաճույքները հասանելի են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Սեռավարակաբան-մաշկաբանը հայտնեց, որ Ռուսաստանում սեռավարակների տարածվածությունը մոտ տասն անգամ գերազանցում է Հայաստանում սեռավարակների տարածվածությանը, բացի այդ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը ավելի բարձր է:
«Կան մարզեր, որոնք սեռավարակների առումով առաջատար են` Շիրակի մարզը, Գեղարքունիքի մարզը։ Դա, երևի, պայմանավորված է բնակչության թվաքանակով, միգրացիայի, սեռական կյանքի կուլտուրայի մակարդակով»,–ասաց Հովհաննիսյանը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ամենացավոտ խնդիրներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը:«Քսանհինգ տարվա ընթացում 2,5 միլիոն բնակչություն ենք կորցրել, Հայաստանում պետք է հիմա ապրեր հինգ միլիոն բնակչություն»,- շեշտեց նա: