«Կողմ եմ՝ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում, կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում»
Ազգային ժողովի Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովներում քննարկման դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հեղինակներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն առաջարկում են Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժել տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուրապատիկի չափով, որոշ դեպքերում նաև պատժել ազատազրկմամբ`3-7 տարի ժամկետով:
Կարեն Ավագյանը նախ ընդգծեց, որ բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել, բացի այդ, ըստ նրա, եթե բժիշկն իր գործունեություն արդյունքում սխալ է արել, պետք է ենթարկվի հստակ քրեական պատասխանատվության: «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ կարևորեց սա: «Մի ժամանակ բժշկին ծեծելը համարվում էր սպորտաձև: Ես այդպիսի դեպքերի շատ եմ ականատես եղել: Այստեղ պաշտպանվող հատկանիշը կյանքն է: Կարելի է քննարկել պատժաչափի հարցը, բայց կարևոր է պաշտպանել բժիշկներին այն ոտնձգություններից, որ հաճախ տեղի են ունենում: Կարևոր եմ համարում այս օրենքի ընդունումը»,-ասաց նա:
«3-7 տարի սանկցիա է նախատեսվում, սա ձևական չի: Ոչ ոք չի փառաբանում այն մարդկանց, որ ծեծում են, բայց ականջը ճմրթելը նյութական սանկցիա է: Էս հոդվածի տակ պիտի ընկնեն էն մարդիկ, ովքեր ոչ հավասարակշիռ վիճակում են, ասենք երեխուն ավտոյի տակ են քցել, վերցրել գնացել ա հիվանդանոց» ,-հավելեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, ապա պարզաբանեց իր մոտեցումը.
«Տպավորություն է, որ ես բժշկական աշխարհի հետ լուրջ խնդիրներ ունեմ, ու վաղը եթե գրիպ ընկնեմ, դիմեմ բժշկի, ինձ էն աշխարհ կուղարկեն: Բայց ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում, որ տեսնի, թե երբ ա ամուսնանում»:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հորդորեց նրան հանիրավի հայտարարություններ չանել, իսկ եթե ճանաչում է նման բժիշկ, ապա անուն-ազգանունը թող ասի:
Օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգ: