Ամոթ է
Սահման, մարտական դիրք պահելն ինչ-որ վերացական կամ ուրիշի համար արվող գործողություն չէ: Երբեմն լսում ես նման արտահայտություններ՝ «ո՞ւմ համար գնամ ծառայեմ», «ինչո՞ւ պարտադիր ես էլ պետք է ծառայեմ», «ծառայելու փոխարեն այլ հարցերում կարող եմ օգտակար լինել» և այլն: Ասեմ. քո՛ համար, ընտանիքի՛դ համար, քեզ համար թանկ անձանց համար: Մի պահ մոռանանք «մեծ-մեծ» հայրենասիրական ու սրբազան՝ Ազգ, Հայրենիք և այլ հասկացություններն անգամ:
Վստահեցնում եմ, որ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի կամ այլ մեծահարուստի կարողությունները պաշտպանելու համար չենք ծառայում: Աստված չտա, որ այնպիսի խնդիր լինի, որ սկսենք ամեն ինչ կորցնել: Այդ ժամանակ բոլորից առաջ կարող են երկրից հեռանալ հենց «ամենաապահովները»: Իսկ մենք մնալու ենք մեր հարազատ ու թանկ շատ անձանցով: Ու պահելու ենք մեր տան դուռը: Բայց պաշտպանության ենթակա մեր տան դուռն այն չէ, ինչ գիտենք: Մեր տան դուռն այն մարտական հենակետն ու դիրքն է, որը վստահված է մեզ: Սա վերացական խոսք չէ:
Կարո՞ղ եք ասել, թե որտեղ ցեղասպան այս թշնամին կանգ կառնի, եթե չկանխենք նրա առաջընթացը: Մտածելու բան չկա, չէ՞: Որովհետև ամենքս էլ հասկանում ենք, որ նա մինչև մեզնից յուրաքանչյուրի օջախների դուռ հասնելու է: Իսկ երբ հասավ, հաստատ անպտուղ պայքար է դառնալու ամեն ինչ… Ու հետևանքները հստակ հասկանում եք …
Հետևաբար, երբ սահմանագծում կասեցվում ու ետ է շպրտվում թշնամին, դա հենց այն կետն է, որտեղ անմիջական մեր տան դուռն ենք պաշտպանում, մեր ծնողներին, կանանց, զավակներին ու մյուս հոգեհարազատ անձանց:
Ու ամոթ է, երբ մարդ խուսափում է ինքը պաշտպանել իր մերձավորներին՝ հույսը դնելով, որ ուրիշն իր փոխարեն դա պետք է անի… Հենց այդպես է պետք գնահատել ու վերաբերվել զինվորական ծառայությանը: Դա բնականոն գործընթաց է, որն անգամ քննելի չէ: Եվ դա արվում է սերունդների համերաշխությամբ: Երեկ դա մենք էինք իրականացնում, այսօր՝ դու, վաղը՝ մեր զավակներն ու թոռները: Չկա անկարևոր անձ պաշտպանության գործում: Չկա անկարևոր տարածք մեր հայրենի պետությունում:
Յուրաքանչյուր անձի բացակայությունը թուլացնում է պաշտպանությունը, յուրաքանչյուր կորուսյալ տարածք թշնամուն ավելի է մոտեցնում մեր օջախներին: Սա է իրականությունը:
Հիշեցի հայրենապաշտ մեծ զորավար Գարեգին Նժդեհի խրատականներից մեկը.
«Հրեական մի զորավար, նահանջելով հռոմեական լեգեոնների առջև, խոր դժգոհության առիթ է տալիս իր բանակին:
Զինվորների հարցումին՝ «ինչո՞ւ չի դիմադրում», նա պատասխանում է, թե իրեն ազատ չի համարում՝ աննշան վայրի համար թափելու այն արյունը, որ պահել է Սողոմոնի տաճարի պաշտպանության համար:
Եվ կրնկակոխ շարունակվում է նահանջը: «Զորավարը, սակայն, կանգ չառավ նաև Սիոնի պատերի տակ,- ասում է պատմությունը,- և Տիտոսի լեգեոնները կործանեցին Երուսաղեմը:
Ո՛չ, ո՛չ, զորավա՛ր, դու սոփեստում էիր՝ սրբություն կեղծելով: Դու մեռնել չէիր ուզում, դու երկչոտ էիր, որով և՝ անազնիվ:
Կարևորագույն վայրերի պաշտպանությունը ապահովում են նվազ կարևորների համառ պաշտպանությամբ միայն: Այսպես և ոչ այլ կերպ:
Ըստ իր կարևորության` «տաճար» է ամեն դիրք, և իբրև այդպիսին՝ պիտի պաշտպանել դա: Չկան ո՛չ աննշան դիրքեր, ո՛չ էլ աննշան գործեր կռվադաշտում: Այնտեղ կարևոր է, նշանակալից ամեն ինչ: Եվ եթե կա աննշան մի բան, դա էլ հենց մարդկային արյունն է, անգամ զորավարի արյունը»:
Արթուր Եղիազարյան