«Նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է»
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ 2018 թվականի բյուջեն իրատեսական է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այս կառավարությունը ընկալվել է որպես ժամանակավոր, և այդ գործոնը ազդել է նաև բյուջեի նախագծի վրա: «Կառավարությունը ներկայցրել է կոնսերվատիվ, զուսպ, ծախսերի մասով կրճատված, եկամուտների մասով բավականին ագրեսիվ, հավակնոտ, բայց տենդենցը շարունակող բյուջեի նախագիծ»,-ասաց նա:
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ չի հիշում որևէ կառավարություն, որը անիրատեսական բյուջեի նախագիծ է ներկայացրել: Ըստ նրա՝ գլխավոր հարցն այն է, թե ինչ խնդիրներ է իր առաջ դրել կառավարությունը այս բյուջեի նախագծով: «Այս իշխանությունը քսան տարվա իշխանություն է, երկու-երեք տարին մեկ իբր նոր մարդիկ գալիս են, սակայն իրականում ոչ մի նոր բան չի փոխվում: Նույն կարծրացած, տգետ, անբովանդակ քաղաքական համակարգն է, և կարևոր չէ, թե առաջինը ով է լինելու, երկրորդը ով է լինելու»,-ասաց նա:
Նա նշեց, որ եթե ասվում է, որ այս բյուջեն կայուն երաշխիքներ ստեղծման բյուջե է, ապա հարց է առաջանում, թե մինչ այս անկայուն էին ստեղծում: