Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման գործում՝ նշելով. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի»:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է ֆրանսիական մշակույթի, գրականության եւ լեզվի ազդեցության նշանակությունը Հայաստանի համար՝ այս համատեքստում կարեւորելով 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը մեր երկրում: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել եւ խորացնել Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ կրթական, մշակութային, առողջապահական եւ այլ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի հետ կապված իրադարձությունները ՀՀ Ազգային ժողովի եւ հատկապես ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ուշադրության կենտրոնում են:
Արա Բաբլոյանն իր աջակցությունն է հայտնել նորանշանակ դեսպանին՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերին օժանդակելու գործում:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում ներկայացնել Ֆրանսիան:
Դեսպանն անդրադարձել է Ֆրանսիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին եւ կարեւորել հաջորդ տարի սպասվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացումը Հայաստանում:
Դեսպանը գագաթաժողովի անցկացումը Հայաստանում դիտարկել է որպես բոլոր տեսանկյուններից կարեւոր իրադարձություն երկու երկրների համար, որը թույլ կտա կազմակերպության անդամ երկրներին համախմբվել մարդասիրական ընդհանուր գաղափարների շուրջ:
Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է նաեւ Հայաստանում ֆրանսիական մշակութային եւ կրթական նոր կենտրոնների ստեղծմանը եւ զարգացմանը՝ հաշվի առնելով ֆրանսիական կրթօջախների նկատմամբ եղած հետաքրքրությունը: