Հայ դիզայներների բրենդները
Նոյեմբերի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։ Կազմակերպությունը նախաձեռնել են Հայաստանում գործող մի քանի երիտասարդ դիզայներներ, որոնք նպատակ ունեն նպաստել մեր երկրում նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում ՀԿ-ն կմշակի և կիրականացնի նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման, մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և բազմաթիվ այլ ծրագրեր։
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում գործող մոտ 30 դիզայներներ։ Իտալիայից տեսակապով ներկաների հետ միացավ նաև «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը, ով ներկայացրեց նորաստեղծ կազմակերպության նպատակը, խնդիրները, առաջիկա ծրագրերը։ Վահան Խաչատրյանը նկատեց, որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող կազմակերպությունների հետ, որոնք առնչվում են նորաձևության ոլորտի հետ։ Ըստ Վահան Խաչատրյանի` մեր ամենամեծ խնդիրներից մեկը դիզայներների և արտադրողների միջև կապի բացակայությունն է։ «Հայաստանում կան մեծ ու փոքր ծավալներով արտադրանք տվողներ, որոնք չեն համագործակցում հայ դիզայներների հետ։ Գուցե վերջին մի քանի տարիներին տրիկոտաժի մի քանի ֆաբրիկա սկսել է հայ դիզայներների հետ աշխատել, սակայն իրականում արտադրության մեջ կա մեծ ներուժ, ինչից մեր դիզայներները չեն օգտվում։ Եվ կազմակերպության գերխնդիրներից մեկն այդ համագործակցությունը կայացնելն է»,- ասաց Վահան Խաչատրյանը։
Նա նշեց առաջին վեց ամիսների համար մշակված ուսումնական ծրագրերը։ Նախատեսվում է հրավիրել տեղացի և արտասահմանցի մասնագետների, որոնք հանդիպումներ կունենան հայ դիզայներների հետ։ Թեմաներն առնչվելու են ամենատարբեր ոլորտների` բիզնես, հանրային կապեր, նորաձևության հետ կապված տարբեր ուղղություններ։ Կսահմանվեն համագործակցություն եզրեր արտասահմանյան, միջազգային կառույցների հետ։
ՀԿ անդամների համար նախատեսված են անգլերենի դասընթացներ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ պայմանավորվածության արդյունքում։ Այդ կուրսերում շեշտը դրվելու է բանավոր շփման և մասնագիտական բառապաշարի վրա։
Վահան Խաչատրյանն առանձնացրեց նաև անմիջապես կտոր արտադրողների հետ աշխատանքի անհրաժեշտությունը։ Կփորձեն կապեր հաստատել կտոր արտադրողների հետ, որպեսզի Հայաստանում գործունեություն ծավալող դիզայներները սահմանափակված չլինեն կտոր ներմուծողների ճաշակից և ցանկություններից։
Վահան Խաչատրրյանը նաև նշեց, որ ակնկալում են, որ այն մարդիկ, որոնք առնչություն ունեն նորաձևության հետ, նույն ոգևորությամբ են միանալու իրենց, քանի որ միասին շատ ավելին կկարողանան անել։
LOOM Weaving բրենդի համահիմնադիր Էլեն Մանուկյանը նկատեց, որ համախմբումն իրոք հասունացել էր։ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն միավորման առաջարկ է արել Հայաստանում գործող բոլոր դիզայներներին։ Էլեն Մանուկյանը նշում է, որ ամբողջ աշխարհում ընդունված փորձ է ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, ոլորտային հասարակական կազմակերպություններ, և համախմբված կերպով պետության առջև բարձրացնել հարցեր, անել առաջարկություններ ու հասնել դրանց լուծմանը։ «Առանձին-առանձին գործելով՝ մեր աշխատանքը արդյունավետ չի լինի։ Միասին աշխատելիս նաև ռեսուրսներն են կրճատվում։ Ի դեպ, վերջին մեկ տարում համախմբման փորձեր եղել են, ինչի արդյունքում բավականին շատ գործ արվեց. հայկական արտադրանք թողարկող ընկերությունների խանութներ բացվեցին, հարթակներ ստեղծվեցին։ Մեկ-երկու դիզայներ չէր կարող տարածք վերցնել, խանութ բացել, մինչդեռ մի քանիսը, միավորելով ուժերը, կարողացան օգնել իրենց բրենդների առաջխաղացմանը, ինչպես նաև նպաստեցին ոլորտը զարգացնելու հարցում»,- ասաց Էլեն Մանուկյանը։
Ծրագրերը, անելիքները շատ են, և Նորաձևության և դիզայնի պալատում վստահ են, որ համատեղ ուժերով կկարողանան շատ խնդիրներ լուծել և ավելի զարգացնել նորաձևության ոլորտը Հայաստանում։