Ոստիկանությունը ենթարկեցնել վարչապետին. Ժամանակ
«Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման լիարժեք մոդելի անցման պարագայում իրենք ենթադրում են ոստիկանության ենթակայություն վարչապետին: Այլ կերպ ասած, ոստիկանությունը, որն այսօր կառավարությանն առընթեր կառույց է, 2018-ի ապրիլից հետո կլինի ոչ թե նախարարություն, այսինքն՝ կառավարության օղակ, այլ՝ վարչապետին ենթակա մարմին: Եղիազարյանն ասել է, թե դա իրենց տեսլականն է, սակայն որոշողն իհարկե ԱԺ մեծամասնությունն է:
Ի՞նչ է նշանակում ոստիկանության ուղիղ ենթակայություն վարչապետին, երբ կառույցը չունի նախարարական կարգավիճակ: Դա նշանակում է, որ ոստիկանապետի նշանակման հարցը կարող է գտնվել վարչապետի որոշումների տիրույթում և դուրս լինել խորհրդարանի հաստատումից: Նախարարության կարգավիճակի դեպքում ոստիկանապետի նշանակումը բնականաբար լինելու էր խորհրդարանի իրավասության տիրույթում: Իհարկե, ամեն ինչ կախված է օրենսդրական կարգավորումներից և բոլորովին բացառելի չէ, որ կառույցը ենթակա լինի վարչապետին, բայց դրա ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանին վերապահվի, այսպես ասած, հաստատման գործառույթ:
Այլ կերպ ասած, ներկայումս իհարկե գործ ունենք մտադրության հետ, որն արդեն իսկ պաշտոնապես բարձրաձայնվում է, նվազագույնը հարց առաջ բերելով, թե արդյո՞ք ոստիկանության հայեցակարգային այդ պատկերացումը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ: Կարո՞ղ է ոստիկանությունն իր պատկերացումները բարձրաձայնել առանց այդ հավանության, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է իսկապես բավականին լուրջ գործոնի: Վարչապետի ենթակայությամբ ոստիկանությունը նշանակում է վարչապետի ներքաղաքական կշռի ավելացում, իհարկե, առաջին հերթին գործադիր մյուս օղակների նկատմամբ, նաև ներքին կյանքում գործողությունների օպերատիվության տեսանկյունից: Ո՞ր վարչապետի համար է դա արվում, ոստիկանությանը նախատեսվում գրեթե անձնական գործիքի կարգավիճակ:
Անկասկած է այդ կառույցի դերը ներիշխանական, ներքաղաքական կյանքում, իհարկե դե ֆակտո դերը, որովհետև դե յուրե դրա դերը պետք է լինի լիովին այլ: Սակայն հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, աներկբա է, որ ոստիկանությունն առանցքային քաղաքական լծակ է իշխանության ձեռքին, հետևաբար, եթե կա ներիշխանական պայքար այդ իշխանության համար, ապա պայքար է լինելու նաև ոստիկանության համար: Այդ իմաստով ուշագրավ է, որ այդ կառույցի դերակատարման մասին ոստիկանության «հայեցակարգային պատկերացումները» ի հայտ են գալիս կամ բարձաձայնվում են ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որը փաստացի դժգոհություն էր ոստիկանության աշխատանքից, միևնույն ժամանակ, իհարկե, նաև գրեթե ծրագրային ելույթ այդ կառույցի դերակատարման և գործառույթների մասով:
Հետևաբար, որքանո՞վ է հայեցակարգային մտադրությունը իրականում պատկանում Սերժ Սարգսյանին, նրա վարչապետ մնալու տարբերակի դեպքում, երբ նա փորձում է ոստիկանության մասով ապահովել իր՝ իհարկե հարաբերական, սակայն հնարավորինս անկախությունը խորհրդարանից: Ի վերջո, երբ Սերժ Սարգսյանի ոստիկանություն այցից հետո խորհրդարանի առաջ փոխոստիկանապետը ներկայացնում է հայեցակարգային մոտեցում, որով նախատեսվում է ոստիկանությունը ենթարկեցնել վարչապետին, դա ըստ էության անվստահություն է խորհրդարանական մեծամասնությանը, որն անելու համար ոստիկանությունն անկասկած պետք է ունենար Սերժ Սարգսյանի հավանությունը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: