«Խաղը, ինձ թվում է, բավականին բարդ է լինելու»
«Եթե հիմա չեն խոսում Հայաստանի մեկուսացման մասին, այս խնդիրները ապագայի կտրվածքով ավելի կարևոր կդառնան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից:
Նա նկատեց, որ այս նախագիծը լուրջ բան է փոխում միջմայրցամաքային առևտրի հարցում: «Այս օրերին հետևելով ադրբեջանական մամուլին՝ կարելի է տեսնել, որ ԵՄ դեսպանի անգամ ողջույնը շատ զուսպ էր: Այս նախագիծը կարող է խնդիրներ հարուցել նաև Եվրամիության և արևմուտքի քաղաքականության առումներով, որովհետև նախագիծն ինքը քաղաքական է: Դա նաև հակաարևմտյան դրսևորումներ է ստանալու, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն այդ հունի մեջ են արդեն երկար ժամանակ»,-ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Ռուսաստանը չի կարող խնդիր ունենալ Բաքու-Թբիլիսի-Կարս հատվածի հետ, քանի որ սա դառնալու է Չինաստան-Ղազախստան, այսինքն՝ Կասպից ծովով անցնող այդ հատվածի խնդիրը:
«Դրա համար որոշել են, այսպես ասած, ռիսկերի կառավարում անել, իսկ դրա լավագույն օրինակը չկարգավորված հակամարտություններն են և վեճերը՝ Կասպից ծովի ավազան, Ղարաբաղյան խնդիր: Որքան էլ բացահայտ վերաբերմունք չի ձևավորվում այս նախագծի նկատմամբ, սակայն զուսպ լավատեսությունների տակ կա կեղծ մրցակցություն: Խաղը, ինձ թվում է, բավականին բարդ է լինելու»: