ՀՅԴ-ի 6-միլիոնանոց նվերը՝ ՀՀԿ-ի օրինակով /տեսանյութ/
«Չենք պատկերացնում, որ նման բնակարանում պիտի ապրենք, մենք մեծացանք տնակում», -այսպես արտահայտեց իր զգացումներն ու ապրումները Սուսաննա Երանոսյանը, ով այսօր 7 հոգուց բաղկացած ընտանիքով տոնեց բնակարանամուտ:
<<Մուշ- 2» թաղամասում երեք սենյականոց բնակարանը նվեր էր ՀՅԴ-ից ու պատահական չէր, որ ՀՅԴ կուսակցության տեղական ու հանրապետական անդամները եկել էին նվերը հանձնելու:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը նշեց, որ սա հիմնադրամով հատկացվող 24-րդ բնակարանն է։ Այն ձեռք է բերվել «Մեկ կուսակցություն- մեկ բնակարան» նախաձեռնությամբ, երբ հիմնադրամի ներկայացուցիչները դեռ ԱԺ ընտրություններից առաջ թակել էին ընտրություններին մասնակցող կուսակցությունների դռներն՝ առաջարկելով համագործակցել, միանալ անօթևանության խնդրի լուծման այս տարբերակին:
Հիմնադրամի նախաձեռնությանն արձագանքել էին ընդամենը երկու կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն 4 ամիս առաջ գնեց երկու առանձնատուն, որոնք ձեռք էին բերվել նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի արած խնայողությունների հաշվին։
ՀՅԴ-ի գնած բնակարանն արժե 6 միլիոն դրամ։ Այսօր Գյումրի այցելած Արմեն Ռուստամյանն ներկայացրեց, որ գումարը հավաքվել է հանգանակություններով, իրենք առանձին ֆոնդեր չունեն, սակայն մարդիկ, հավատալով ՀՅԴ-ին, վերջինիս ծրագրերին, վստահ լինելով, որ իրենց լուման տեղ կհասնի, գումար են ներդրել։
Արմեն Ռուստամյանը նաև հավելեց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին աջակցությունն է լինելու։ «Մոտենում ենք արդեն 30-ամյակին այս ահավոր երկրաշարժի։ Սա մեր պատվի հարցն է, որ այլևս չունենաք ոչ մի ընտանիք, որ տնակներում լինի և տուժի այս ծանր կենցաղային պայմաններից»,-ասաց Արմեն Ռուստամյանը։