29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաց նամակ ԱԺ պատգամավորներին

Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ,

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում: Եվ մինչ հասարակության մի ստվար զանգված քննադատում է օրենքը և հարցականի տակ դնում դրա հրատապության ու անհրաժեշտության հարցը, դատարաններում քննվում են մահվան ելքով ընտանեկան բռնության դեպքեր, որոնք այդպես էլ մնում են աննկատ և չլուսաբանված:

Սույն նամակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ցանկանում է ձեր ուշադրությունը հրավիրել Նարինե Դանիելյանի սպանության գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ 6 ամիս շարունակվող դատաքննության վրա՝ մատնանշելով օրենսդրական դաշտի բացը` ինչպես ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերի արդար դատաքննության ապահովման գործընթացում:

38-ամյա Նարինե Դանիելյանի ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը մեղադրվում է կնոջ սպանության մեջ. Նարինեի դին՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով, հայտնաբերվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին` Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհի հարակից ջրատարում:

Ձեզ ենք ներկայացնում այս գործին վերաբերող մի քանի կարևոր կետեր, որոնք օրինաչափություն են հանդիսանում ընտանեկան բռնության դեպքերի դատական քննության գործընթացում:

  1. Տվյալ հանցագործությունը քննվում է որպես մեկանգամյա դեպք, այլ ոչ դե շղթայական բնույթ կրող և տարբեր տեսակներով դրսևորվող բռնարար վարք: Այն փաստը, որ մեղադրյալ Արթուր Մելիքսեթյանը 25 տարվա ընթացքում խեղել է կնոջ և երեխաների կյանքը (մեղադրյալը դատարանում ընդունել է ամուսնական կյանքի ընթացքում կնոջը ծեծի ենթարկելու փաստը)՝ պարբերաբար բռնության ենթարկելով նրանց, դուրս է մնում դատարանի ուշադրության կենտրոնից, մինչդեռ ընտանեկան բռնության առանձնահատկություններից մեկը ճնշումների պարբերականությունն է: Կնոջ նկատմամբ գործադրված հոգեբանական (սոցիալական ծայրահեղ մեկուսացում, մշտական վերահսկողություն) և տնտեսական (աշխատելու արգելք) ճնշումները դատարանում չեն որակվում որպես բռնություն և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ: Մինչդեռ առաջարկված նախագիծը սահմանում է թե՛ ընտանեկան բռնությունը, թե՛ դրա տեսակներն ու պարբերական բնույթը՝ այդպիսով իրավական հիմք հանդիսանալով անհրաժեշտ դատավարական որակումներին: Այնուամենայնիվ, նախագիծը չի քրեականացնում ընտանեկան բռնությունը և չի նախատեսում ընտանեկան բռնությունը որպես հանցագործության ծանրացուցիչ հանգամանք: Այս քայլերը կնպաստեին բռնության դեպքերի վերհանմանը և անպատժելիության մթնոլորտի վերացմանը:
  2. Որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկվում է մեղադրյալի խնամքին երեք անչափահաս երեխայի գտնվելը, որոնք փաստացիորեն գտնվում են մեղադրյալի ծնողների խնամակալության ներքո, ինչը կրկին վկայում է ընտանեկան բռնության երևույթի ընկալման բացակայության և նույն հանցակազմով քննվող այլ հանցագործությունների հետ նույնականացման մասին: Մինչդեռ տվյալ դեպքում անհրաժեշտ են երեխաների պաշտպանությանը, նման դեպքերում նրանց հոգեբանական և այլ աջակցության տրամադրմանը, ծնողական իրավունքների պատշաճ իրականացմանն ուղղված մեխանիզմներ, որոնք կբացառեն հանցագործի պատասխանատվությունը մեղմացնելու նպատակով երեխաների խնամքի շահարկումը: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարող է հանդիսանալ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի լրացումը՝ բռնությունից երեխաների պաշտպանության հարցում:
  3. Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկան հասակում: Ներկայիս ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, սահմանելով ամուսնության կնքման պայման հանդիսացող տարիքային ցենզը, ամուսնության անվավերությունից զատ այլ հետևանքներ չի նախատեսում նման դեպքերի գրանցման պարագայում, մինչդեռ միջազգային փորձը վկայում է վաղաժամկետ ամուսնությունների քրեականացման նպատակահարմարության մասին:
  4. Հայ ընտանիքի ավանդականության շահարկումը նույնիսկ դատական նիստում է տեղ գտնում՝ վտանգելով արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը: Մեղադրյալի փաստաբանի՝ իր պաշտպանյալի արարքը կնոջ «չենթարկվելով» և կովկասյան ազգերին «բնորոշ» հատկանիշներով արդարացնելու փորձերը վկայում են իրավաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված, ընտանեկան բռնությանը վերաբերող վերապատրաստումների պակասի, եթե ոչ իսպառ բացակայության մասին: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորում է նաև տվյալ խնդիրը:
  5. Դատական նիստերին մասնակցող անձանց կողմից բազմիցս մեղադրանքներ են հնչել տուժողի իրավահաջորդի՝ Նարինեի քրոջ հասցեին՝ նրան որակելով «խառնակիչ» և «ընտանիք քանդող», մինչդեռ նա եղել է միակը, ով փորձել է աջակցել բռնության մեջ ապրող կնոջը: Ընտանեկան բռնության ենթարկվող կանանց աջակցման պետական մեխանիզմների բացակայությանը գումարվում է նաև անձնական մակարդակի վրա օգնություն տրամադրող հարազատների, հատկապես՝ կանանց թիրախավորումը: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մանրամասն կարգավորում է աջակցման պետական մեխանիզմների ստեղծման և իրագործման կարգը՝ պաշտպանություն երաշխավորելով թե՛ բռնության ենթարկվողին և թե՛ նրան աջակցող հարազատներին:

Վերոշարադրվածը գեթ մեկ օրինակ է ամեն տարի տեղի ունեցող ընտանեկան բռնության հազարավոր դեպքերի, որոնցից առնվազն 10-ը անդառնալի ավարտ են ունենում, մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերը հնարավոր կլիներ կանխել համապատասխան օրենքի առկայության դեպքում՝ ժամանակին անհրաժեշտ պաշտպանություն ցուցաբերելով ընտանեկան բռնության ենթարկվող անձանց:

Ս.թ. նոյեմբերի 2-ին, ժամը՝ 15:00-ին, տեղի է ունենալու տվյալ գործով վերջին դատական նիստը, որի ժամանակ հրապարակվելու է դատավճիռը:

Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին, առաջնորդվելով անձի կյանքի և առողջության իրավունքների առաջնահերթությամբ, ջատագովել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավումը և նպաստել օրենքի ընդունման գործընթացին, քանզի դրա բացակայության ամեն մի վայրկյանը կարող է կյանք արժենալ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք»  ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ 

«Ագաթ» ՀԿ

 

Հղումներ՝

http://coalitionagainstviolence.org/hy/նարինե-դանիելյանի-մահը-վրա-է-հասել-կոկ/ http://coalitionagainstviolence.org/hy/անչափահաս-երեխաների-առկայությունը՝/ http://coalitionagainstviolence.org/hy/ինքը-իմ-թագուհին-ա-եղել։-ծեծել-էլ-եմ-ս/ https://www.newsinfo.am/arm/article/view/414jtoPRhW http://epress.am/2017/01/09/Ինձ-հետ-չապրես-սպանելու-եմ.html http://epress.am/2017/04/18/Կնոջ-սպանության-գործով-նիստին-դատավո.html http://coalitionagainstviolence.org/hy/նարինե-դանիելյանի-սպանության-դատակա/
http://epress.am/2017/01/09/Ինձ-հետ-չապրես-սպանելու-եմ.html http://armtimes.com/hy/article/109716 http://swv.am/index.php/hy/our-pillars-am/rapid-response-unit-am/1170-2017-01-10-15-13-24

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ