Անթույլատրելի է
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ Կառավարությունը ավելի բարձր տնտեսական աճ կարող է ապահովել ու կձգտի ապահովել, քան նախանշված է բյուջեում: «Իսկ նշվածը չիրականացնել ուղղակի անթույլատրելի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Միաժամանակ տնտեսագետը իրատեսական որակեց Կառավարության ներկայացրած բյուջեն: Նա նկատեց, որ Կառավարության գործունեության մեջ և հաջողություններ է տեսնում, և նաև որոշ բացթողումներ: Օրինակ՝ կան օղակներ, որ առայժմ էֆեկտիվություն չեն ապահովում: «Նրանց հետ պետք է ինչ-որ փոփոխություններ լինեն»:
Մանասերյանն ընդգծեց, որ մեզ նման երկրին այս պարագայում հարկավոր է ավելի արդյունավետ դարձնել վարվող տնտեսական քաղաքականությունը, նպատակասլաց ու մրցակցությանը դիմացող տնտեսություն ստեղծել:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում մեկնարկել են 2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ քննարկումները մշտական հանձնաժողովներում: Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնավորապես ասել է.
- 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, և թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի:
- Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:
- Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, և թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձևավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է Կառավարության ծրագրում: