Կառավարությունը «նկարած» թվեր է ներկայացնում
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելու ընթացքում նշեց՝ 2018թ. կանխատեսվում է 2017թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը։ Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի աճի պայմաններում կանխատեսվում է սպառման 6.5% իրական աճ:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, սակայն, վստահ է՝ վերը նշված բոլոր թվերը նկարված են, իսկ 2018-ին վերաբերող խոստումները ի կատար չեն ածվելու։
«Քանի՞ կառավարություն ենք փոխել։ Եղե՞լ է մի Կառավարություն, որը չի խոստացել տնտեսական աճ, ապա հայտարարել, որ խոստումները իրականացվել են։ Դա մեր Կառավարության խոսքային իրականությունն է՝ վերբալ իրականությունը, բայց կա նաև իրական իրականություն, որտեղ աշխատավարձերը ցածր ենն, գները բարձրանում են, թոշաշները ապրելու համար պիտանի չեն, կոմունալ ծախսերն օր օրի աճում են։ Իսկ տնտեսական աճի պարագայում նման բան չի արձանագրվում։ ՀՀ-ում աճում են առանձին օլիգարխիկ տնտեսվարողների եկամուտները։ Իրենց անձնական սեփականությունը, իմպորտը աճում է՝ ապահովելով այդ կեղծ թվերը, բայց դա արդյո՞ք նշաակում է, որ մեր երկրում տնտեսական աճ է գրանցվել։ 4-5 խոշոր տնտեսվարողի անձնական եկամուտների ավելանալու պարագայում բնավ չի կարելի ասել, որ տվյալ երկրի տնտեսությունը զարգանում է։ Տնտեսությունը աճում, զարգանում է մի շարք պարամետրերով՝ տեխնոլոգիական զարգացում, հասարակության յուրաքանչյուրի կենսապայմանների բարելավում, բացի այս՝ ներկրող տնտեսությունից զատ՝ պետք է ունենանք նաև արտահանող տնտեսություն․․․․ Մեզ մոտ այս պարամետրերից ոչ մեկը չկա», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Անուշ Սեդրակյանը։
Վերջինս շեշտեց՝ մեր երկրում տնտեսական լրագրությունը հարկավոր է զարգացնել, որպեսզի տնտեսագիտության ոլորտում մասնագիտացած լրագրողները իրենց ձեռքի տակ փաստեր ունենան ու նման քննարկումների ընթացքում պրոֆեսիոնալ հարցեր տան։
«Այդ պարագայում լրագրողները կկարողանան իրենց իսկ հարցերով հակասել Կառավարության ներկայացրած նկարված թվերին՝ հավաստի փաստարկներ բերեկով», – նշեց Անուշ Սեդրակյանը։