ՄՄ անդամակցելուց հետո ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը վստահ է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ անդամակցի Մաքսային միությանը:
‘’Դա պետական և ազգային շահերից է բխում: Մենք տարբեր պետությունների հետ տարբեր հարաբերություններ ունենք, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը:
Ինչ վերաբերում է Վիլնյուսյան գագաթնաժողովին, ապա պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Եվրամիության հետ, և Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի ԵՄ անդամ երկրներից։
‘’Ակնհայտ է, որ ԵՄ երկրների համար չափազանց կարևոր էր Ուկրաինան, նա ամենից առաջ մեծ շուկա է, ԵՄ երկրների համար մոտ շուկա հայտնաբերելը կարևոր էր, Ուկրաինան մեծ տարածք է, մեծ ռեսուրսներ, էժան աշխատուժ, և ակնկալել այլ վերաբերմունք, քան հիմա կա՝ Ուկրաինայի կողմից հայտարարությունից հետո, անհնար էր’’,- ասաց նա:
”Սեպտեմբերի երեքից հետո բավական մեծ աշխատանք է կատարվել, տարբեր մակարդակով հանդիպումներ,ամենակարևորն ու գործնականը թերևս այն աշխատանքային խմբերի աշխատանքն է, որ ստեղծվել են երկու կողմերում, որպեսզի վերհանեն այն խնդիրները, որ կարող են ծագել համաձայնագրի ստորագրման պարագայում, այդ խնդիրները բազմաթիվ են, և դրանք հատուկ են ոչ միայն Հայաստանին, այլև այն մյուս երկրներին, որոնք միասին ՄՄ են ստեղծել: Դրանք տարբեր ապրանքատեսակների տարիֆների հետ կապված տարաձայնություններն են. այսօր էլ կան այդպիսի խումբ ապրանքներ, որոնց նկատմամբ դեռ հարյուր տոկոսով չի իրականացվում անմաքս փոխադրումը”,-հավելեց պատգամավորը:
Խոսելով ԼՂՀ հիմնախնդրի մասին` Գագիկ Մինասյանն ասաց. ”Մաքսային միության մեր գործընկերները չեն կարող աչք փակել այն իրողության վրա, որ ՄՄ անդամակցելուց հետո ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող: ՀՀ տարածքը Մաքսային միության տարածք է և այստեղ ներթափանցած ապրանքը առանց մաքսատուրքերի հայտնվելու է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքը հայտնվելու է Հայաստանում և Մաքսային միության այլ երկրներում: Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտը Մաքսային միության տարածք է”: