Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ անկախ ամեն ինչից․ Դավիթ Բաբայան
Ինչպես հայտնել ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։
Անդրադառնալով այդ թեմային՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՝ այսպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ նմանատիպ հանդիպումների ժամանակ միջազգային հանրություննն էլ է իր կարծիքն արտահայտում, իսկ այս պարագայում միջազգայի հանրությունը ներկայացված է ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահությամբ։
«Այսպիսի հանդիպումների ընթացքում քննարկվում են երկու տիպի հարցեր՝ ընդհանուր փիլիսոփայությանը, խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր, երկրորդ՝ ավելի մասնավոր հարցեր՝ խաղաղության պահպանման, միջադեպերի հետաքննմանը վերաբերող հարցեր, թեև նման դեպքերում Ադրբեջանը միշտ աշխատում է տապալել այդպիսի հարցերի քննարկումը։ Բայց, այդուամենայնիվ, այսպիսի հանդիպումների հիմքում ընկած է խնդրի խաղաղ կարգավորման հրամայականը, հետևաբար այդպիսի հանդիպումները շատ կարևոր են», – նշեց Դավիթ Բաբայանը։
Ինչպես հայտնի է, այսպիսի հանդիպումներից առաջ և հետո Ադրբեջանը դիմում է սադրանքների ու լարվածություն է ստեղծում շփման գծում, ինչպի արդյունքում, ցավոք, հաճախ ունենում ենք զոհեր։ Մեր հարցին՝ այս անգա՞մ էլ նման մտահոգություն կա, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ադրբեջանը միշտ էլ գնում է այդպիսի քայլերի։ Այսպիսի քայլերի դիմում են ոչ միայն այսպիսի հանդիպումների ժամանակ․․․ Նրանք տարբեր առիթներ կարող են գտնել, իսկ դրա պատճառը բուն Ադրբեջանի վարած քաղաքականության, հայատյացության, ֆաշիզմի մեջ է։ Առիթները տարբեր են՝ տոներ, հանդիպումներ, տարեդարձներ․․․ այդ ամենը բուն հանդիպումների հետ այնքան էլ կապ չունի։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ անկախ ամեն ինչից»։