«Սա լուրջ պրոբլեմ է»
Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը վստահ է ՝ Կառավարության ներկայացրած 2018թ.-ի պետական բյուջեի նախագծում կան դրվագներ, որոնք վստահություն չեն ներշնչում:
«Ես հեռու եմ այն մտքից, որ մենք պիտի տառապենք պոպուլիզմով, բայց կարծում եմ, որ արտադրության ոլորտը, բիզնեսի ընդլայնման ոլորտը պետք է խթանել, որը չպետք է լինի ի հաշիվ մեկը մյուսի»,- ասաց Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ բյուջեով նախատեսված է օրինակ կրճատել առողջապահական ոլորտում 6 միլիարդ դրան, բայց, նախևառաջ, հարկ է հասկանալ՝ ինչու է նման որոշում ընդունվել:
«Պետք է հասկանանք նաև, թե ներքին վճարունակ պահանջարկը ո՞նց է իջնելու, եթե թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում: Օրինակ՝ սեղմված գազի գնի հնարավոր թանկացումը զսպելո՞ւ ենք, թե ոչ. չէ՞ որ եթե այն թանկանա, թանկանալու է նաև հասարակական տրանսպորտը: Ի՞նչ է լինելու: Եթե թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվում, եկամուտները չեն աճում, ապա ընդհանուր վճարունակ պահանջարկը իջնում է, աղքատության մակարդակը չի զսպվում: Սա լուրջ պրոբլեմ է, որը պետք է վերաիմաստավորել»,- նշեց Միքայել Մելքումյանը: