28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ապրելու ենք դժոխքում

ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԸ նույնպես համոզված է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` «Ընտանիքի նկատմամբ բռնության մասին») ՀՀ օրենքի նախագծում առկա ձևակերպումները թույլ են տալիս տեղում ընտանեկան բռնություն որակել նաև իրականում ընտանեկան բռնություն չհանդիսացող դեպքերը, ապա ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: 

«Այստեղ մենք տեսնում ենք կասկածի բավական ցածր չափանիշի ներկայացում, որը թույլ է տալիս ոստիկանությանն իրագործել բավական լուրջ ներգործության միջոցներ անձի նկատմամբ,- ասաց Ա. Խալաթյանը:- Մենք տեսնում ենք խնդիր` կապված անմեղության կանխավարկածի հետ»:

Այսինքն, ըստ Փաստաբանների պալատի փորձագետի, անձի նկատմամբ բավական լուրջ ներգործության միջոցներ կարող են կիրառվել նաև առանց բավարար ապացույցների: Այս առումով Ա. Խալաթյանը միանգամայն իրավացի է: Օրենքի ընդունման դեպքում ոստիկանության ծառայողը նախագծի 16-րդ հոդվածով իր համար սահմանված լիազորությամբ և ընտանեկան բռնությունից մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի այս կամ այն անդամին պաշտպանելու կամ ընտանեկան բռնության կանխարգելման պատրվակով (ընդգծում ենք` պատրվակով) կարող է մեր նկատմամբ կայացնել բռնության կիրառման անթույլատրելիության մասին պաշտոնական նախազգուշացում, եթե նույնիսկ մեր ընտանիքի որևէ անդամի կողմից ընտանեկան բռնության ենթարկված լինելու վերաբերյալ բողոք չունի:

Ավելին. ոստիկանը պաշտոնական նախազգուշացում կարող է կայացնել նույնիսկ այն դեպքում, երբ մեր ընտանիքի այն անդամը, որին համարում է, թե ընտանեկան բռնության է ենթարկվել, հայտարարում է, որ ինքն ընտանեկան բռնության չի ենթարկվել, իր նկատմամբ այդպիսի բռնության նույնիսկ սպառնալիք չի եղել, ինքն ընտանեկան բռնության ենթարկվելու վտանգի տակ չէ:

Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Պաշտոնական նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ առերևույթ ընտանեկան բռնություն, այդ թվում՝ հոգեբանական և տնտեսական, գործադրելու մասին հաղորդում ստացվել կամ Ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ»: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ սա իմպերատիվ պահանջ է, այսինքն` պաշտոնական նախազգուշացումը նշված դեպքերում ոչ թե կարող է կիրառվել, այլ պարտադիր կարգով կիրառվելու է:

Իսկ ումի՞ց է այդ հաղորդումը ստացվել… Պարզվում է` ցանկացածից, պարտադիր չէ, որ հաղորդում ներկայացնողը ձեր ընտանիքի անդամը լինի: Այսպիսով, ասենք, ձեզ վատություն անելու ցանկություն ունեցող ձեր հարևանը կամ մեկ ուրիշն այդ առումով լայն հնարավորություններ է ստանում ու կարող է ձեր կյանքը վերածել դժոխքի: Այս ամենից 1937 թվականի գարշահոտություն է գալիս:

Պաշտոնական նախազգուշացում կիրառելու համար ոստիկանը կարող է պատճառաբանել նաև, թե ինքն անձամբ տեսել է, որ ապտակում եք, ասենք, ձեր երեխային կամ կնոջը, կամ լսել է ձեր երեխային կամ կնոջն ուղղված ձեր գոռոցը, կամ նրանցից մեկնումեկին արգելելը այսինչ բանն անել կամ այնինչ տեղը գնալ: Այսպես կարող է պատճառաբանել և պաշտոնական նախազգուշացում կիրառել նույնիսկ այն դեպքում, երբ իրականում ոչ ապտակել եք, ոչ գոռացել, ոչ արգելել…

Ավելին. ահա թե ոստիկանությունն ինչ հնարավորություններ է ստանում անձին թեկուզ և անհիմն կերպով, բայց իր ցանկությամբ պաշտոնապես նախազգուշացնելուց ու նրան ենթադրաբար բռնություն կատարած անձ համարելուց հետո: 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգի առկայության դեպքում նրա անվտանգության անհապաղ ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած անձի հանդեպ կայացվում է մինչև 20 օր ժամկետով անհետաձգելի միջամտության որոշում:

Ոստիկանության ծառայողը ոստիկանության կողմից ենթադրաբար բռնություն կատարած անձ համարված (այդ թվում նաև` անհիմն կերպով) ցանկացածի նկատմամբ իր կամ իր վերադասի ցանկությամբ կարող է կայացնել անհետաձգելի  միջամտության որոշում` նույնիսկ այն դեպքում, երբ նրա կողմից իր ընտանիքի անդամներից որևէ մեկին անմիջականորեն սպառնացող վտանգ և, ընդհանրապես, վտանգ իրականում գոյություն չունի, և այդ մասին հայտարարում են հենց իրենք` ընտանիքի անդամները:

Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ է նշանակում ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգ: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն, ընտանեկան բռնության անմիջականորեն սպառնացող վտանգը հիմնավոր ենթադրությունն է, որ անձի ֆիզիկական, սեռական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնաս է սպառնում: Թե ո՞ւմ հիմնավոր ենթադրությունը, կամ այդ դեպքում ի՞նչ է նշանակում հիմնավոր ենթադրություն, նախագծում ընդհանրապես նշված չէ, ինչը, ինչպես վերը նշվածը, կարող է տեղիք տալ տարբեր մեկնաբանությունների, կամայականությունների, չարաշահումների և կոռուպցիայի:

Այսպիսով, ոստիկանության իրավասու ծառայողն իր կամ մեկ ուրիշի, այսպես ասած, հիմնավոր ենթադրության դեպքում, թե անձի կողմից իր ընտանիքի անդամին, ասենք, ապտակելու, նրա վրա գոռալու, նրան հայհոյելու կամ նրան ինչ-որ բան անելը կամ ինչ-որ տեղ գնալն արգելելու վտանգ և նշված գործողություններից թեկուզ մեկնումեկով նրա ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնասի սպառնալիք կա, կարող է այդ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում կայացնել: Ինչպես ակնհայտ է, չափազանց մեծ է և՛ սուբյեկտիվիզմի, և՛ կոռուպցիայի հնարավորությունը:

Ոստիկանության ծառայողը նշված որոշմամբ և օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով տվյալ անձին մասնավորապես կարող է  հարկադրել՝ անհապաղ հեռանալ, օրենքի ձևակերպմամբ, ընտանեկան բռնության ենթարկվածի, իսկ իրականում ոչ թե ընտանեկան բռնության ենթարկվածի, այլ այդպիսին համարվածի բնակության տարածքից, ինչպես նաև արգելել այդտեղ նրա վերադարձը` մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը (մինչև 20 օր):

Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, ոստիկանությունը ձեզ դատարանի պաշտպանական որոշման դեպքում նույնը կարող է հարկադրել և արգելել մինչև 9 ամսով (այդ որոշումն ու ժամկետի կիրառումը հետագայում կարող են կրկնվել):

Այսպիսով ոստիկանությունը մինչև 20 օրով, իսկ դատարանի պաշտպանական որոշման դեպքում մինչև 9 ամսով կարող է ձեզ փաստացի զրկել ձեր իսկ տանը գտնվող, ձեր սեփականությունը հանդիսացող գույքը (համակարգիչ, հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, ավտոմեքենա և այլն), աշխատանքի միջոցները (օրինակ` համակարգիչ, ավտոմեքենայից օգտվելու հնարավորություն ընձեռող ավտոմեքենայի բանալի և այլն) և ապրուստի դրամական միջոցները տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքից և հնարավորությունից, ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքի խախտում է (ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդված, «Սեփականության իրավունքը»):

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես Փաստաբանների պալատի փորձագետը նշեց, ասում են, թե ի՞նչ է եղել, նույն ծեծի պարագայում էլ Քրեական օրենսգրքում սահմանումներն այնքան հստակ չեն, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ անհամաչափ ներգործության դեպքեր տեղի չեն ունենում:

«Պետք է նշեմ,- շարունակելով իր խոսքը, ասաց Ա. Խալաթյանը,- որ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն տուժողի դիմումի հիման վրա ոստիկանության ինչ-որ գործողությունների իրականացման հետ, այլ նաև ոստիկանության` սեփական նախաձեռնությամբ համապատասխան ներգործության միջոցների իրականացման հետ՝ ենթադրաբար տվյալ բռնարարքը կանխելու համար:

Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանը չի ունենում բավարար ապացույց՝ իրականում նման բռնարարք տեղի՞ է ունեցել, թե ոչ (օրենքով չի նախատեսվում որևէ մեխանիզմ, թե ոստիկանությունն ինչպես պետք է այդ փաստահավաք գործունեությունն իրականացնի՝ համապատասխան ներգործության միջոցառումներ կիրառելուց առաջ), բայց նրան լիազորվում է, օրինակ, պաշտոնական նախազգուշացում կիրառել համապատասխան անձի նկատմամբ, նրան վերցնել պրոֆիլակտիկ հաշվառման, անձին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանից մինչև 20 օր ժամկետով, 100 մետրի խնդիրն է շատ վիճահարույց, չէ՞ որ ինքնին սահմանադրական իրավունք է ազատ տեղաշարժման իրավունքը»:

Պաշտոնական նախազգուշացումը սոսկ արտաքուստ կարող է մի անվտանգ բան թվալ: Անձի նկատմամբ պաշտոնական նախազգուշացում կայացնելուց հետո, 8-րդ և 21-րդ հոդվածների համաձայն, ոստիկանությունը պարտադիր կարգով պրոֆիլակտիկ հաշվառման է վերցնելու պաշտոնապես նախազգուշացված անձին, ով արդեն 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվելու է ենթադրաբար ընտանեկան բռնություն կատարած և ընտանեկան բռնություն կատարելուն հակված անձ: Այնուհետև, դարձյալ պարտադիր կարգով, ամսական առնվազն մեկ անգամ այցելելու է նրա ընտանիք: Այլ կերպ ասած, ոստիկանությունը, ոստիկանության ծառայողը ստանալու են մեզանից ցանկացածի կյանքը դժոխքի վերածելու հնարավորություն, և վերածելու են դժոխքի:

Առավել ևս, եթե ոստիկանը այս կամ այն անձի հետ կապված ինչ-որ խնդրից ծագած անձնական շարժառիթով ցանկություն կամ կոռուպցիոն շահագրգռվածություն ունեցավ, կամ եթե անձն ընդդիմադիր կուսակցության անդամ կամ պարզապես քաղաքական այլախոհ է ու նրա նկատմամբ քաղաքական պատվեր կա, ուրեմն հաստատապես կարողանալու է նրա կյանքը վերածել դժոխքի` յուրաքանչյուր ամիս իր քեֆն ուզածի չափով այցելելով և իր քիթն անհարկի խոթելով տվյալ անձի ընտանիք: Ընդ որում, այցելելով նաև անպատեհ ժամերին (հանգստի, վատառողջ լինելու, վատ տրամադրության, տանն ինչ-որ հավաքույթի առկայության), խանգարելով տվյալ մարդու քունը, հանգիստը, ստվերելով նրա պատիվն ու բարի համբավը հարևանների, ինչպես նաև հարազատների, բարեկամների, աշխատանքային և այլ ընկերների շրջանում, որոնք կարող են այդ պահին տանը կամ մոտերքում լինել: Այսպիսով խախտվելու է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով յուրաքանչյուր անձի համար սահմանված նրա մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը:

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, մի այսպիսի օրինակ բերենք. պատկերացրեք, որ ձեր աշխատանքային ընկերներից մի քանիսին երեկոյան տուն եք հրավիրել, ասենք, սուրճ եք խմում կամ նարդի խաղում, մեկ էլ ոստիկանը շաբաթվա կամ օրվա մեջ արդեն որերորդ անգամ դռան զանգը տալիս է (չեք կարող դուռը չբացել, պատասխանատվություն է նախատեսված), ներս մտնում ու ձեզ նվաստացնելու, ծաղրելու, զզվեցնելու, ճնշելու նպատակով, ծաղրալից տոնով ու ժպիտով հարցնում` հը՞, հո այսօր կնոջդ կամ երեխայիդ չե՞ս ապտակել, կամ` հը՞, հո այսօր կնոջդ կամ երեխայիդ վրա չե՞ս գոռացել, տղայիդ ականջը հո չե՞ս ձգել և այլն: Այսինքն` ձեր աշխատանքային ընկերների մոտ ձեզ խայտառակում է: Ի՞նչ վիճակում կլինեք դրանից հետո: Հավանաբար կցանկանաք տալ, տեղում սատկացնել այդ ոստիկանին և այդպես էլ կվարվեք, կամ էլ կուլ կտաք այդ նվաստացումը, յուրօրինակ ծաղրուծանակը, ձեր պատվի և արժանապատվության դեմ ոտնձգումը, բայց կհուզվեք, կներշնչեք, և այդ ամենի դիմաց, շատ հնարավոր է, հետո ինֆարկտով կամ ինսուլտով հատուցեք: Ընդունենք նաև, որ նյարդերից պինդ մարդ եք, համբերատար կպատասխանեք ոստիկանին, որ ձեր ընտանիքի որևէ անդամի նկատմամբ ոչ ֆիզիկական, ոչ էլ հոգեբանական կամ տնտեսական բռնություն չեք գործադրել: Սակայն, հաջորդ օրն արդեն, երբ ձեր աշխատանքային ընկերների պատմածից ողջ աշխատակազմն արդեն տեղյակ կլինի ոստիկանի այցելության և հիշյալ հարցերի մասին, կոլեկտիվում կխայտառակվեք և այնտեղ կմտնեք խայտառակվածի զգացողությամբ: Կուզենա՞ք այսպիսի երկրում ապրել, չե՞ք մտածի արտագաղթի կամ ծայրահեղ քայլերի մասին…

Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ հավաստմամբ, սեփական ընտանիքի ենթադրյալ բռնության ենթարկված անդամից, ընդ որում, նաև նրա խնամքի ներքո գտնվող անձանցից (այսինքն՝ ամբողջ ընտանիքից) 100 մետրը չգերազանցող հեռավորության վրա գտնվելու պահանջը, որն օրենքի ընդունման դեպքում կարող է ներկայացվել անձին, փաստորեն, հակասահմանադրական պահանջ է: Կարևոր է նաև այն, որ, ըստ օրենքի նախագծի, ոստիկանության ներկայացրած այդ պահանջները չկատարելն այդ անձի համար առաջացնում են քրեական պատասխանատվություն:

«Այսինքն՝ այստեղ, ըստ էության, վտանգ կա, որ համաչափության սկզբունքը, որը Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված է, կարող է խախտվել»,- ասաց Ա. Խալաթյանը:

Փորձագետի հավաստմամբ, խնդրահարույց է նաև այն, որ ապաստարան տեղափոխվելու համար անձի համաձայնությունը ոչ բոլոր դեպքերում կարող է լինել գիտակցված:

«Եթե, ասենք, ամուսինների կամ ծնողների պարագայում նրանք, որպես չափահաս անձինք, կարող են ինչ-որ կերպ իրենց համաձայնությունը տալ, որովհետև իրենք իրենց արարքների համար պատասխանատու են, ապա երեխաների պարագայում ինչպե՞ս է այդ համաձայնությունը ֆիքսվելու,- ասաց Ա. Խալաթյանը:- Եվ ինչպե՞ս է հնարավոր, ընդհանրապես, մանկահասակ երեխայի վերաբերմունքը նման կարևոր հարցի վերաբերյալ ֆիքսել ու հիմնվել նրա այդ դիրքորոշման վրա:

Չէ՞ որ երեխան ինքը, եթե նայում ենք մեր օրենսդրությանը, իր որոշակի տարիքային զարգացման ընթացքում հավասարեցվում է սահմանափակ գործունակ կամ անգործունակ անձանց հետ, այսինքն նա, ըստ էության, օրենքով իր օրինական ներկայացուցիչների խնամակալության ներքո է գտնվում: Այդ դեպքում հաշվի առնելով, որ նա իր տարիքային զարգացումից ելնելով, չի կարող շատ հաճախ տարբեր հարցերի վերաբերյալ հստակ ձևակերպված որոշում ընդունել, ինչպե՞ս ենք ֆիքսելու նրա համաձայնությունը, և, ընդհանրապես, արդյոք իրավաչա՞փ է երեխայի դիրքորոշման հիման վրա, ասենք, նրան վերցնել, տանել ապաստարան, ինչպե՞ս ենք մենք կարողանալու հնարավոր չարաշահումների դեմն առնել»:

 

Արթուր Հովհաննիսյան

Աղբյուրը՝ nt.am

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ