ԱԱԾ-ի բերանբաց ագենտը ջրիկացել է վարչապետին սպանելու մտադրության մասին. Ժամանակ
Թերթի զրուցակիցն է «Հայաստանի քաղաքագետների միության » նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
-Մոտենում է Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցը։ Ի՞նչ եք կարծում, այդ ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ այս տարիների ընթացքում բավարար ջանքեր թափվե՞լ են։ Ի՞նչ էր հնարավոր անել, որ չի արվել։
– Ձեր հարցին կպատասխանեմ հարցով. որեւե լուրջ քայլեր Հոկտեմբերի 27-ի հանցագործության կազմակերպիչների բացահայտման ուղղությամբ անցած 18 տարիների ընթացքում արվե՞լ են։ Դուրս եկեք փողոց եւ այդ հարցը տվեք երեւանցիներին։ Կարծում եմ՝ դուք չեք կասկածում, որ ստանալու եք միանշանակ պատասխան։ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը վերջնականապես փլուգվեց՝ վերածվելով գործող իշխանությունների հետաքրքրությունների եւ հանցագործ մտադրությունների խամաճիկի եւ հլու-հնազանդ սպասավորի, հենց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետաքննության եւ դատաքննության ձախողումից հետո ու այդ ձախողման հետեւանքով։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27– ը՝ այսօր կենդանի կլինեին նաեւ Սերգեյ Բադասանը, Անդրանիկ Մարգարյանը ու Սմբատ Այվազյանը, իսկ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի մյուս մերձավոր համախոհները ներկայումս պանդխտության ցուպն առած չէին փրկվի գործող ահաբեկչական ռեժիմից արտասահմաններում։
Եթե Հոկտեմբերի 27-ին «Միասնություն» դաշինքը չգլխատվեր՝ դաշինքի քաղխորհրդի՝ հրաշքով ողջ մնացած ընդամենը չորս անդամներին հաջորդ տարիներին կհաջողվե՞ր հեռացնել քաղաքականությունից, իսկ ինձ, որ համառեց եւ հրաժարվեց թողնել ակտիվ քաղաքականությունը, կհաջողվե՞ր ուժային եղանակով ու իմ դեմ դատական հետապնդումների միջոցով դուրս դնել Ազգային ժողովից, իսկ դրանից հետո շինծու քրեական գործով վզիս կախել դատվածություն։
Այո, անցած տարիները եւ ժողովրդի արդար քվեով ընտրված «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհրդի անդամների դրամատիկ ճակատագրերը ցույց են տալիս, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան հրեշավոր ահաբեկչության միջոցով իրականացված պետական հեղաշրջում, որին միանգամայն տրամաբանորեն պետք է հետեւեր եւ հետեւեց Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման ինստիտուտի փաստացի ոչնչացումը։
-Հանցագործությունն արդյո՞ք ուներ արտաքին հետք: Ինչքանո՞վ էր Ռուսաստանը շահագրգռված այդ հարցում:
-Ես զավեշտալի եմ համարում վարկածը, թե, իբր, այդ հանցագործությունը կազմակերպվել է արտասահմանյան որեւէ հատուկ ծառայության կողմից։ Կան փաստեր, վկայություններ, որ Նաիրի Հունանյանն ու նրա ղեկավարած խումբը բացահայտորեն, անթաքույց նախապատրաստվել են կատարելու այդ լկտի ոճրագործությունը։ Տարբեր մարդկանց հետ են հանդիպել, Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրության մասին են ջրիկացել։
Օրը ցերեկով զենք են փնտրել եւ դրամ՝ զենքեր գնելու համար։ Բացի մեր երկրի հատուկ ծառայություններից, ուրիշ ոչ մի երկրի հատուկ ծառայություն նման բերանբաց ագենտների կամ կատարողների հետ երբեք գործ չի ունենա՝ նույնիսկ մահվան սպառնալիքով պարտադրանքի դեպքում։ Մի՞թե դա հատուկ ծառայության ձեռագիր է, երբ կատարողները հանցագործության վայրից զանգեր են հնչեցնում իրենց համախոհներին ու նրանց աչքալուսանք տալիս, թե Վազգենին խփել են։ Պետքը չէ հատուկ ծառայությունների մեթոդների ուսումնասիրության գծով մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ տվյալ դեպքում «կազմակերպիչներ» դասական իմաստով չեն էլ եղել, իսկ փաստացի կազմակերպիչների դերում հանդես են եկել նրանք, ովքեր անուղղակի ձեւով եւ մնալով կուլիսների հետեւում ուղղորդել են Նաիրի Հունանյանին։ Ինձ համար՝ որպես այդ գործով անցնող տուժոդի, ի սկզբանե ակնհայտ էր, որ հանցագործության կազմակերպիչներն էին նրանք, ովքեր տեդյակ էին հանցագործության նախապատրաստման մասին, ի պաշտոնե կարող էին կանխել հանցագործությունը, բայց դա չարեցին։ Ես այդ մասին ժամանակին բարձրաձայնել եմ եւ այսօր էլ մնում եմ այդ կարծիքին։ Ինչ վերաբերում է արտաքին շահագրգռվածություններին, ապա բոլոր մեծ տերություններն էլ սիրում են որբ գտնել, որպեսզի նրա գլուխն իրենց ուզածի պես խուզեն։ Եթե մարդիկ պատրաստ են իշխանությունն ամեն գնով պահելու համար որբության դատապարտել սեփական երկիրը, ապա միշտ էլ կգտնվի որբի գլուխն իր քիմքին հարիր խուզելու հավակնորդ։