Երբ հայը Ռուսաստան հանցագործություն կէնե, չեն ըսե՝ հայ է, թե ռուս, բայց մեզ մոտ հենց մէ բանմ կէղնի… 102-րդ ռազմաբազայի միջադեպի մանրամասները /տեսանյութ/
Երեկ կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում դժբախտ դեպք էր տեղի ունեցել Գյումրիի 102-րդ ռազմաբազայում՝ Ալագյազի զորավարժությունների ժամանակ։
Հարավային զինվորական օկրուգը հաղորդագրություն էր տարածել. <<Ալագյազի զորավարժություններից հետո, զենքի հանձնման ժամանակ, պայմանագրային զինծառայողը, կոպտորեն խախտելով անվտանգության պահանջները, ոչ ճիշտ կրակելով ինքնաձիգից, մահացու վիրավորում է հասցրել ծառայակից ընկերոջը, որը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Վախենալով կատարվածից ու ընկերոջ մահվան համար պատասխանատվություն կրելուց, զինծառայողը ինքնասպանություն է գործել»։ Հանգամանքները քննելու համար դեպքի վայրում աշխատում է Հարավային զինվորական օկրուգի հանձնաժողովը։
Այս մասին գյումրեցիներից քչերն են տեղյակ: Որոշները տեղեկություն ստացել են ռուսական հեռուստաընկերություններից մեկից: Բայց հիմնականում տեղյակ չէին ինչ է կատարվել: Մի տարեց մարդ էլ երբ իմացավ միջադեպից, նշեց, որ միջադեպեր տեղի են ունենում նաև մեր բանակում, մեր ընտանիքներում: <<Երբ հայը Ռուսաստան հանցագործություն կէնե, չեն ըսե, հայ է թե ռուս, բայց մեզ մոտ հենց մէ բանմ կէղնի, վռազ կգրեն ու կհայտնեն, էնողը ռուս է, վրացի է, թուրք է: Շատ վատ է, որ էղել է, բայց պետք չէ մրջույնի բունը մատով հա փորել ու փորել, հետն էլ ազգայինով խառնակել….>>, ասաց գյումրեցի Աղաս Գրիգորյանը: