ՏԻՄ ընտրությունների նախաշեմին` կրակոցնե՞ր, դանակահարություննե՞ր
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 10 մարզում. հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:
Անդրադառնալով նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ չի բացառվում, որ այս անգամ էլ ընտրությունների նախաշեմին լինեն տհաճ միջադեպեր՝ ծեծ, վեճ, դանակահարություն, կրակոցներ․․․
«Ես չեմ կարծում, որ նախորդ ընտրություններից հետո տեղի են ուեցել ինչ-որ արմատական փոփոխություններ՝ կապված քաղաքական մտածողության, քաղաքական կուլտուրայի, քրեածին իրավիճակի հետ։ Համենայն դեպս՝ բոլոր նախադրյալները կան, որ նույն երևույթները կրկնվեն։ Իսկ եթե իշխանությունները իրենց պարտականությունները կատարեն, կանխարգելիչ միջոցառումներ անցկացվեն, հնարավոր է՝ այդ ամենը չլինի, բայց հիմա, այդ տհաճ միջադեպերի նախապայմանները կան», – նշեց Ռուբեն Մեհրաբյանը։
Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվեց նաև ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուների կրթական ցենզի, մտահորիզոնի, նույնիսկ քրեածին տարրերի հետ հարեբերություններ ունենալու հարցը․ այս առումով առավելապես քննարկվեց ՏԻՄ ընտրություններում առաջադրված, այս պահին Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի անունը։
Անդրադառնալով այս խնդրին՝ քաղաքագետը շեշտեց. «Այդ թեկնածուների կուսակցական պատկանելությունը այս պարագայում այնքան էլ էական չէ․ կարևորն այն է, որ նրանք սերում են իշխանությունից, ընկերություն են անում իշխանության հետ։ Նրանք այդպիսին են՝ շնորհիվ իշխանության հետ ունեցած իրենց ընլերության։
Վերնախավում այսպես ասած՝ հակասելեկցիա է տեղի ունեցել․ փողը հայտնվել է անարժանների ձեռքում․ այդ մարդիկ դարձել են դրամական ռեսուրսների տեր։ Բիզնեսն ու իշխանությունը թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրությունների պարագայում սերտաճած են», – նշեց քաղաքագետը։
Մեր հարցին՝ այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրակաշա՞ռք են բաժանելու, քաղաքագետը պատախանեց․ «Իսկ նրանք աշխատելու այլ ձև գիտե՞ն․ չգիտեն ու չեն էլ ուզում սովորել, այսինքն՝ կկիրառվի փորձված եղանակը։ Այս ամենը խիստ մտահոգիչ է։ Իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե պետությունն այս ամենին խառնվի։ Այս խաժամուժի մեջ իշխանությունները պիտի այնպես այնեն, որ իրենց չասոցացնեն նման տհաճ երևույթների հետ»։
Հարցին՝ իսկ ընդդիմադիր ուժերն ինչո՞ւ չեն ջանում ավելի շատ թեկնածուներ առաջադրել ՏԻՄ ընտրություններին և, սովորաբար, հիմնական ուժերը կենտրոնացնում են մայրաքաղաքում, քաղաքագետը պատասխանեց «Գուցե մենք իրավունք ունենք կշտամբելու ընդդիմադիրներին, բայց պետք է հասկանանք, որ կան ֆինանսների հետ կապված խնդիրներ։ Մեր երկրում բիզնեսը մոնոպոլիազցված է։ Փողը գտնվում է մի խումբ մարդկանց ու նրանց հետ գործ ունեցող մարդկանց ձեռքերում։ Մեր երկրում իրավիճակը կփոխվի այն պարագայում երբ տեղի կունենան տնեսական, քաղաքական փոփոխություններ, բացի այդ՝ կբարեփոխվի նաև մտածելակերպը», – նշեց քաղաքագետը։