Այս տարվա տնտեսական ցուցանիշները հուսադրող են. Խոսրով Հարությունյան

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 2017 թվականի ինն ամսներին գրանցված տնտեսական ցուցանիշները հուսադրող է համարում:
Այս մասին նա հայտնել է այսօր՝ հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հարությունյանի խոսքով ` առկա է գործարար մեծ ակտիվություն՝ 6- 6.1 տոկոս, բյուջեյի եկամուտների գերակատարում:
«Առաջին անգամ բյուջետային քաղաքականության մեջ շատ հստակ արձանագրվում է, որ պետք է ապահովել կապիտալ ծախսերի առաջանցիկ աճ սոցիալական պաշտպանության ծախսերի նկատմամբ: Ազգաբնակչության հանդեպ սոցիալական պարտավորությունների կատարման և սոցիալական ծախսերի տպավորիչ զարգացում ու ավելացում ունենալու համար մենք պետք է բյուջետային եկամուտների երաշխավորված ու անընդհատ աճ արձանագրենք, իսկ դրանց հնարավորությունը պայմանավորված է կապիտալ ծախսերի ու ներդրումների ծավալներով ու տեմպով»,- նշել է Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը ևս 1-2 տարի կշարունակվի, և բյուջետային կարողությունները կօգտագործվեն Հայաստանի տնտեսական հզորությունը, ներուժը ավելացնելու ուղղությամբ և բյուջեի եկամուտներն անընդհատ երաշխավորելու համար: