«Երբ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի, ավիատոմսերի գները կնվազեն, վիզային ռեժիմի ազատականացում կլինի»
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ ընդգծեց՝ եթե հրապարակում ես նման համաձայնագիր, ապա այլ խաղացողներին ասում ես՝ եթե ասելիք ունեք, այսօր ասեք.
«Օրինակ՝ եթե Ռուսաստանն ունի դիտողություններ, թող բաց ասի։ Հասկանալի է, որ առևտրի ոլորտում ԵՏՄ շրջանակներում կան խաղի կանոններ, որոնք գուցե հակասում են, ու այստեղ է, որ հրապարակումից հետո փարատվում են այդ կասկածները։ Համաձայնագրում հստակ գրված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում է ՀՀ-ԵՄ համագործակցությունը։ Դա նշանակում է, որ որևէ հակասություն այդ հարցում չկա», – նշեց բանախոսը։
Իսկ Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց՝ բոլոր ոլորտների վերաբերյալ ամեն ինչ հստակ գրված է վերոնշյալ փաստաթղթում։
«Էներգետիկայի մասով հստակ գրված է, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն պետք է շարժվեն այն սկզբունքով, որ ամեն ինչ արվի, որ և՛ էներգակիրների աղբյուրները բազմազան լինեն, բազմանան, և՛ ճանապարհները, որոնց միջոցով Հայաստան են հասնում այդ էներգակիրները։ Դա շատ կարևոր է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, երբ գազի գինը 2 անգամ ավելի մեծ է՝ բոլոր հարևան պետությունների հետ համեմատած։ Նույնը օդային ընդհանուր տարածքի մեջ Հայաստանի մտնելու մասին։ Դուք գիտեք, որ տոմսերի գներն այստեղ 3-4 անգամ ավելի մեծ են, քան Վրաստանում, երբ Եվրոպա ենք թռչում։ Դա շատ ակտուալ խնդիր է մեր հասարակության համար։ Եթե այս պայմանագիրը կյանքի կոչվի, ավիատոմսերի գները կիջնեն։ Երրորդ ոլորտը վիզաների հեշտացման խնդիրն է։ Շատ կարևոր է, որ մեր մարդիկ կկարողանան առանց խոչընդոտի գնալ Եվրոպա, վերադառնալ, անօրինական քայլերի չդիմել», – ընդգծեց բանախոսը։