Հայրը պետք է աշխատանքից վերադառնալով տեսնի՞, որ մի ոստիկան 100 մետրից չի թողում մոտենալ
ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչ է իրենից ենթադրում հոգեբանական և տնտեսական բռնությունը, ինչը նախագծում լայն է ընդգրկված: Վիգեն Քոչարյանը նկատեց, թե բավականին որոշակիության աստիճան, իրենց համոզմամբ, գոյություն ունի: «Բայց եթե կա էլ ավելի հստակեցնելու պահանջ, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա: Վիգեն Քոչարյանը շեշտեց, որ դաստիրակչական ներազդեցությունները չեն կարող դիտարկվել որպես բռնության դրսևորում:
«Հոգեբանական բռնության դրսևորումները բոլորն էլ առանձին-առանձին իրավակարգավորման շրջանակներում հստակեցված են, որոշ մարդիկ ասում են, թե երեխային ապտակելը ևս կարող է դիտարկվել հոգեբանական բռնություն, բայց դրանք մեր իրավական շրջանակներում մեկնաբանված և լուծված են: Օրինակ` սպառնալիքի առումով ունենք քրեական օրենսդրության մեջ կարգավորումներ: Երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումներից, կիրառման ու մեկնաբանման մասին, չպետք է ելնել ինչ-ինչ անհեթերությունների կանխավարկածից»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ մտավախություն հայտնեց՝ օրենքը լավ ավարտ չի ունենա: «Նախագծի համաձայն՝ ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոցառում, իրավունք ունի արգելել ծնողի և երեխայի տեսակցությունը, բայց չե՞ք կարծում, որ սա սահանափակում է ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածին՝ համաձայն որի միայն ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա կարող է սահմանափակվել երեխաների և ծնողների տեսկացությունը», – նշեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը նաև ընդգծեց, որ օրինագիծը չի նպաստի ընտանիքի ներընտանեկան հաշտության ամրապնդմանը.
«Եթե հայրը, դաստիարակչական մղումներից ելնելով, երեխայի հետ կոպիտ խոսի, պետք է աշխատանքից վերադառնալով տեսնի՞, որ մի ոստիկան այնտեղ կանգնած 100 մետրից չի թողում նա մոտենա», – հարցրեց պատգամավորը։
ՀՀ արդարադատության փոխնախարարն ընդգծեց, որ ծնողների և երեխաների տեսակցության սահմանափակումները միայն դատարանի որոշմամբ են լինելու, իսկ օրենքում խոսքը ոստիկանության կողմից երեխաների տեսակցության ժամանակցույց սահամնելու մասին է.
«Այսպես նախատեսվելու է, թե ինչ կարգով տվյալ անձը պետք է տեսակցի երեխաներին», – նշեց նա։