Երկրապահն էլ շահարգիռ է, որ աստվածաշնչյան ճշմարտությունները քարոզվեն. Գեներալ Մանվել/տեսանյութ/
ԵԿՄ գործընկերների թիվն ավելացավ: Գործակցության հուշագիր ստորագրվեց Երկրապահի եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության միջեւ: Միջոցառման ժամանակ Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն ընդգծեց, որ երկու կառույցների միջեւ համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Նրա որոշմամբ Աստվածաշնչային ընկերության շնորհավորական գրին արժանացան ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ մի շարք պատասխանատուներ:
ԵԿՄ առաջնորդն էլ երկրապահական պարգեւների արժանացրեց ինչպես Եզնիկ սրբազանին եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության պատասխանատուներին, այլեւ արարողությանը ներկա Գերմանիայի եւ Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին:
Հանդիսությանը ներկա էին Երկրապահի գործընկեր կառույցներ ներկայացուցիչներ: Հուշագրի կարեւորությունն ընդգծեց կրթության եւ գիտության նախարար լեւոն Մկրտչյանը: Նա մատնացույց արեց, որ «Պատանի երկրապահ» կառույցների ձեւավորմամբ Երկրապահը ապագային միտված մեծ աշխատանք է կատարում: Նախարարը ԵԿՄ ղեկավարին արժանացրեց իրենց գերատեսչության բարձրագույն պարգեւին: Պարգեւատրվեցին նաեւ մի շարք երկրապահներ: Եռասերունդ երկրապահներին պարգեւատրելու վերաբերյալ ԱԺ նախագահի հրամանն էլ ընթերցեց ԱԺ նախագահի ռեֆերենտ Մեսրոպ Մանուկյանն, իսկ պարգեւնեը հանձնեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը:
Զորավար Մանվել Գրիգորյանը հանդես եկավ հետեւյալ ամփոփիչ ելույթով:
Սրբազա՛ն հայրեր,
Հարգարժա՛ն նախարար,
Հարգելի՛ հյուրեր,
Եռասերունդ Երկրապա՛հ.
Ողջունում եմ բոլորիս այս հայրենասիրական միջոցառման կապակցությամբ։ Երկրապահ կամավորականների միությունը, որ այսօր եռասերունդ կուռ ընտանիք է, գործակցության հուշագրեր ունի մի շարք պետական կառույցների, հասարակական կարեւորագույն հաստատությունների հետ։ Հուշագրերի հիման վրա մենք, գործընկեր կառույցների հետ համատեղ, հրամանատարասերժանտական դասընթացներ ենք կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար։ Մենք այդ կերպ վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմերն ենք գցում։ Մենք սովորեցնում ենք պատանիներին, երիտասարդներին ծնողասիրություն, հայրենասիրություն, հավատք Տիրոջ նկատմամբ, հայրենիքի, պետականության նկատմամբ։
Երկրապահական դասընթացներում ծանրակշիռ տեղ ունեն հոգեւոր դասընթացները՝ կրոնի պատմություն, հայ եկեղեցու պատմություն, գործնական ծանոթացում ծիսակարգին եւ պատմաճարտարապետական հուշակոթողներին։ Այս ուղղությամբ սերտ համագործակցություն կա հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ։ Արդեն տեւական ժամանակ է, որ Երկրապահն արդյունավետ համագործակցում է Հայաստանի Աստվածաշնրային ընկերության հետ։ Այստեղ ավելորդ չեմ համարի Եզնիկ սրբազանի գործունեությունն էլ կարեւորել։ Հենց նրա գաղափարապաշտությունը, անձնուրացությունն էլ խթան են, որ մեր հարաբերություները բարեկամական հունով զարգանան։ Երկրապահն էլ շահարգիռ է, որ աստվածաշնչյան ճշմարտությունները քարոզվեն, որ մեր տղաներն ու աղջիկները հագեւոր դաստիարակություն ստանան, սովորեն, որ վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրն, իսկ առջեւում՝ անկախ պետականությունը։
Երկրապահի եւ Աստվածաշնչային ընկերության գործակցությունն ամրապնդված է գործնական միջոցառումներով, մեծ ակցիաներով։ Վաղուց հասունացել էր հուշագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք այսպիսով փաստաթղթային տեսքի ենք բերում այն գործակցությունը, որ արդեն իսկ կա, այս հուշագրի ստորագրումը պարզապես կայացած փաստի վավերացում է։
Այստեղ են նաեւ Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչները։ Մեր հարգարժան հյուրերին եւս ողջունում եմ եռասերունդ Երկրապահի անունից։ Դուք թերեւս գիտեք, որ Հայաստանն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը դեռ 301 թվականին։ Մենք արդեն մոտ երկու հազարամյակ հավատարիմ ենք մեր հավատքին, քրիստոնեական արժեքներին։ Պատմության ընթացքում շատ ենք տուժել մեր քրիստոնեական հավտքին հավատարիմ մնալու համար, վայրի ցեղերի աչքի փուշն ենք դարձել, սակայն, ամուր հավատքն օգնել է, որ 21-րդ դարում կանգնած մնանք քաղաքակիրթ պետությունների շարքում։
Եվս անգամ ողջունում եմ բոլոր ներկաներին, շնորհավորում եմ Երկրապահին, Աստվածաշնչային ընկերությանը, հայ ազգին, աշխարհի բոլոր քրիտոնյաներին այս հուշագրի ստորագրման կապակցությամբ։ Վստահ եմ, որ փոխշահավետ գործակցությունը նպաստավոր է լինելու թե՛ հայ ազգի ու Հայաստան պետության շահերի, թե՛ աշխարհում քրիստոնեկան արժեքների տարածման տեսանկյունից։