«S-400»-ի հարցում որևէ դժվարություն չունենք․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ուկրանիա և Սերբիա կատարած այցերից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների մասին:
Ինչպես իրազեկում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, թուրքական «Star» լրատվամիջոցի լրագրողը Թուրքիայի նախագահին հարց է ուղղել, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն կա այդ ՀՕՊ համակարգերը համատեղ արտադրելու պայմանավորվածություն: Ինչպես նաև արդյոք պաշտոնական Անկարան դեռևս հետաքրքրություն է ցուցաբերում «Patriot» ՀՕՊ համակարգերի նկատմամբ:
Ի պատասխան Էրդողանը մասնավորապես ասել է.
«S-400-ի հարցում որևէ դժվարություն չունենք: Առաջին փաթեթում համատեղ արտադրություն չի լինելու: Առաջին փաթեթում նրանցից միայն գնելու ենք այդ համակարգերը: Սակայն երկրորդ փաթեթում արդեն համատեղ արտադրությանն ուղղված քայլեր կիրականացվեն»:
Էրդողանի խոսքերով, Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ոչ միայն S-400-ի, այլև S-500 նոր սերնդի ՀՕՊ համակարգերի մասին: Վերջիններս դեռևս փորձարկման փուլում են:
Նա նաև հավելել է, որ իրենք «Patriot» ՀՕՊ համակարգերի վերաբերյալ այժմ արդեն չեն մտածում, քանի որ Էրդողանի գնահատմամբ՝ աշխարհում դրանք այդքան էլ պահանջարկ չունեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Սակայն ռուսական կողմը հրաժարվել է Թուրքիային տրամադրել այդ ՀՕՊ գաղտնաբառերը, որպեսզի թուրք մասնագետները չկարողանան տեսնել, թե ինչպիսի մեխանիզմ ունեն դրանք: