Ո՞վ է բարձրացնելու ազգի ծանրաձողը. Ազգ
Ըստ “Ազգ” օրաթերթի, Հայաստանի ամենամեծ խնդիրը ծանրամարտիկին չվստահելու մեջ է: Խոսքն ամենեւին էլ մեր օլիմպիական հավաքականի ծանրամարտիկների մասին չէ, այլ մի հոգու, որը ներկայացել է որպես ծանրամարտիկ եւ հայտարարում է, թե պատրաստ է բարձրացնել, ասենք, 284 կգ ծանրությամբ ծանրաձողը:
Հայաստանի քաղաքացիները նրան դեռ երբեք ծանրաձող բարձրացնելիս չեն տեսել, որպեսզի հավատան, թե կարող է, ավելին, ՀՀ քաղաքացիները չգիտեին, որ նա ծանրամարտիկ է: Հետեւաբար իրավունք ունեն նրան չհավատալու, որովհետեւ ծանրամարտիկը նա չէ, որը հայտարարում է այդ մասին, այլ նա է, ով բարձրացնում է ծանրաձողեր: Հայաստանի քաղաքացին չի հավատում… նա առհասարակ չի հավատում, գուցե հենց այս պատճառով էլ հավատում է ամեն ինչի, օրինակՙ Եհովային, բացի նրանից ու այն արժեքներից, ում եւ որոնց պետք է իրականում հավատա:
Հնարավոր է, որ մայրաքաղաքի տրանսպորտի աղետալի իրավիճակն իրապես լավանա, եթե տրանսպորտի գինը սահմանվի 150 դրամ, հնարավոր է, որ պարտադիր կենսաթոշակային համակարգի շահագործմամբ մի օրվանից աշխարհի ամենաապահով ծերունիները Հայաստանի քաղաքացիները կոչվեն, որոնք նաեւ կլինեն աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջիկները:
Իսկ հավատալու համար պետք է ծանրամարտիկը գոնե մեկ անգամ եւ հրապարակային բարձրացնի ծանրաձողը, թեկուզ չլինի 284 կգ, այլ ավելի թեթեւ: Օրինակՙ մի քանի տարի առաջ Հայաստանի քաղաքացին չէր հավատում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում իրոք ֆուտբոլիստներ էին հավաքված, որոնք կարող են հաղթել, ինչպես ասում էին իրենք: Այսօր ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք հերոսներ են, որովհետեւ ՀՀ քաղաքացիները նրանց հավատացին, որովհետեւ նրանք սկսեցին ավելի քիչ խոսել եւ ավելի շատ ֆուտբոլ խաղալ, հաղթել:
Ուրեմն մեր երկրի ամենամեծ խնդիրը հավատի բացակայությունն է, մենք չենք հավատում միմյանց, համայնքապետին, ոստիկանին, դատարանին, կրոնավորին, բանկիրին, կառավարությանը, զինվորական հրամանատարին, լրագրողին, բժշկին, խորհրդարանին, խորհրդարանի առջեւ փող մուրացող ծեր կնոջը, նախագահին, անգամ թատրոնի` սերիալում նկարահանվող վաստակավոր արտիստ դերասանին: Չենք հավատում մեր ծանրամարտիկին, որովհետեւ նա չի բարձրացրել ոչ մի կիլոգրամ, դեռ:
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: