«Իշտահիդ քացախ». Իրատես
Հայաստանյան ներքաղաքական դաշտում լեթարգիան շարունակվում է «թամաշաների» տեսքով՝ «մթագնելով» քչից-շատից քաղաքական առողջ միտքը, հանրության ենթագիտակցարանն ընտելացնելով էժանագին-աղմկոտ ֆարսերի, որոնք կրկնվում և կրկնվում են՝ հայաստանյան ներքաղաքական կյանքը վերածելով գրեթե ողբերգության։ Ընդ որում, ողբերգակի դերում հիմնականում իշխող կուսակցությունն ու նրա կորիզն են, թե քաղաքապետարանում տեղի ունեցած «ղեբատի», թե խորհրդարանում կատարված «լինչի» դեպքերում։ Չնայած այդ «դեպքերը» չարյաց փոքրագույնն են Արևմուտք-Ոուսաստան «դեբատների» կողքին, որոնք էլ առավել ցայտուն դարձան ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի շուրջ։
Չենք ծանրանալու ճաշակ փչացնող, միտք աղավաղող այս գործընթացների վրա, անցնելու ենք այս օրերին տեղի ունեցած քչից-շատից կառուցողական զարգացումներին, որոնք, որքան էլ տարօրինակ է, տեղ գտան հայոց արտքաղաքական ծիրում։ Այսպիսով,կարելի է փաստել, որ առաջին անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը գրեթե աշխարհաքաղաքական այց կատարեց դեպ Իրան։
Ճիշտ է, այցը կազմակերպվում էր դեռ գարնանից, երբ Հայաստան էր ժամանել Իրանի նախագահ Ռոհանին, սակայն Կարեն Կարապետյանը, որը դեռ որևէ եվրոպական-արևմտյան երկիր չի այցելել, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց։ Այսպես ասած՛ «Լավրովյան պլանից» մի քանի ժամ առաջ։ Հենց միայն իր այցով աշխարհին՝ Թրամփին, Պորոշենկոյի կողքին քնած էրդողանին, նաեւ Դմիտրի Մեդվեդևին «տեղեկացնելու», որ իրանական ուղղությունը, անկախ բոլոր կարգի զարգացումներից Հայաստանի համար առաջնային է։
Բայց, եթե անկեղծ, Սերժ Սարգսյանը շախմատիստ չէր լինի,եթե իր «պերսոնայով» չփոխլրացներ Կարեն Կարապետյանի ձևով՝ տնտեսական (նկատեք՝ գազային Իրան էր գնացել Հայաստանի «գազի մարդը»), բովանդակությամբ՝ աշխարհաքաղաքական այցը, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, Ալիևի կողքին, դրանից առաջ էլ Հայաստանի ու Ադրբեջանի դրոշների տակ միաժամանակ նկարված Սերժ Սարգսյանը հարկ համարեց նշել, որ Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցը, ԵԱՏՄ-ի և Իրանի պաարաստակամությունը Հայաստանի միջոցով ԵԱՏՄ տնտեսական գոտուն միանալու մասով, դրա վերահաստատումն էր։
Ասել է՝ մինչ Պորոշենկոյի կողքին քնած էրդողանը քնից կզարթնի, Ալիևն էլ կհասկանա, որ վախել է սեփական դրոշից (որովհետև իրեն «կանգնեցրել» են Հայաստանի նախագահի կողքին), Հայաստանը շատ կոնկրետ քայլերով էր ներկայացել Տիգրան Սարգսյանի ղեկավարած ԵԱՏՄ նիստին։ Չմոռանանք նաև, որ կոնկրետ էր Սերժ Սարգսյանի «ասածը» Չինաստանի մասով (հիշենք՝ վերջերս էլ Չինաստանում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը)։
Դու՛ ասացիր։
Ասե՞լ է նման բան նիստը ղեկավարող Վլադիմիր Պուտինը, թե՞ ոչ, հայտնի չէ։ Անգամ հետաքրքիր էլ չէ, որովհետև Հայաստանը, որը «զրո» վիճակում է ներքաղաքական զարգացումների առումով, վերջին շրջանում բավականին հետաքրքիր, ձևով լուռ, բովանդակությամբ աղմկոտ քայլեր է իրականացնում արտքաղաքական ոլորտում։
Բանն այն է, որ ԱՊՀ-ԵԱՏՄ նիստերի մեկնող Սերժ Սարգսյանը անչափ կտրուկ մի քայլ էլ արեց՝ իր խոսնակի շուրթերով տեղը դրեց Ալիևին, որը գլխից դուրս հայտարարություն էր արել, թե Ալիև-Սարգսյան հանդիպմանը Հայաստանը գալիս է առանց նախապայմանների։ «Իշտահիդ քացախ»՝ խիստ կուլտուրական ասվեց հարբեցողին, ինչը, թերևս, ոչ այնքան նրան, որքան «Լավրովի ծրագրի» հետևում կանգնածներին էր վերաբերում։ Ի դեպ, շատերը կարծում էին՝ Ալիև-Սարգսյան սպասվող հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հենց Սոչիում։ Ու չի բացառվում, որ Հայաստանի «պատասխանն» էս գլխից կանխեց այդ հանդիպումը՝ «լավրովյան» օրակարգով զգեցած։ Սակայն սա էլ դեռ բոլորը չէ: