Իրար ապտակում են, հայհոյում, վիրավորում. ի՞նչ է կատարվում ԱԺ-ում ու Երևանի ավագանիում
Մեր քաղաքական դաշտում վերջին շրջանում վեճերը, լեզվակռիվները, իրար վիրավորելու դեպքերն է՛լ ավելի են շատացել:
Բոլորովին վերջերս միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի ու ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև, իսկ երեկ հայոյանք հնչեց Երևանի քաղաքապետարանում՝ ավագանու նիստի ընթացքում. ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանի հնչեցրած հայհոյանքն ուղղված էր «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանին:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ լեզվաբան Լավրենտի Միզոյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Նմանատիպ դեպքերը խոսում են տվյալ մարդկանց կուլտուրայի բացակայության մասին: Մարդն իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, քննադատելու. ո՛չ մեկն իրավունք չունի հայհոյել մյուսին»:
Լեզվաբանն ընդգծեց՝ ցավոք, իրար կոպտելու, վիրավորելու դեպքերը քաղաքական ամբիոններ գնալով շատանում են:
«Հայհոյանքներով գործն առաջ չի գնա: Էթիկայի կանոններից ելնելով՝ պատգամավորները, անագանու անդամները պիտի հարգեն միմյանց, ավելին՝ պիտի հոգատար լինեն միմյանց նկատմամբ: Դեռ ավագանու առաջին նիստի ընթացքում միմյանց վիրավորում էին: Պետք է էթիկայի հանձնաժողով լինի, անհրաժեշտության պարագայում էլ դատական գործեր պետք է սկսվեն: Ժամանակին ԱԺ-ում «ղալլաթ անել» արտահայտությունը քննարկում էին երկար, որ պարզեին՝ դա վիրավորական արտահայտություն է, թե՞ ոչ:
Իսկ հիմա իրավիճակն այլ է: Բարձրախոսի մոտ ով ինչ ասես, խոսում է. ելույթները պիտի բովանդակային լինեն:
Ռուբեն Հակոբյանն էլ լրագրողին էր ապտակել: Էթիկայի հանձնաժողովը նմանատիպ հարցերին պետք է շատ լուրջ վերաբերվի: ԱԺ-ում, ավագանիում նման բաներ են կատարվում. մեկը մյոսին դիմում է՝ ասելով՝ «արա», «աղջի» ու էլի ավելի վատ արտահայտություններ: Համացանցում ներկայացվում են այդ ահավոր արտահայտությունները, իսկ դպրոցական երեխան կարող է կարդալ դա: Այս ամենի մասին պետք է մտածեն ԱԺ նախագահը, փոխնախագահները, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքապետը:
Լեզվի հարցում պետք է շատ ուշադիր լինել: Նախագծերի լեզվին էլ պետք է ուշադրություն դարձնել, քանի որ երբեմն այդ նախագծերում սպրդում են ուղղագրական սխալներ: Պաշտոնյաները պետք է ուշադրություն դարձնեն իրեց բանավոր խոսքին», – նշեց Լավրենտի Միրզոյանը: