Թուրք-ամերիկյան հարաբերություններն «ամենասառը» ժամանակաշրջանն են ապրում
Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացած լարվածությանն ու վիզաների տրամադրման երկկողմ դադարեցմանը։ «BBC Türkçe» -ի փոխանցամբ՝ բրիտանական թերթը թուրք-ամերիկյան ճգնաժամը բնութագրել է որպես «ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրների միջև վերջին տասնամյակների ընթացքում ծագած ամենամեծ սառնություն»։
Հիշեցնելով, որ երկու երկրների միջև կոնֆլիկտը ծագել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո, պարբերականը նշում է, որ Մեհմեթ Թոփուզը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայի սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեջ։ «Times» -ը հավելում է, որ Թուրքիան Թոքուշին կասկածում է նաև գյուլենական գործիչների հետ կապի մեջ։ Այս համատեքսում աղբյուրը հավանական է համարում, որ մոտ ապագայում Թուրքիան կառաջարկի արտահանձնել ԱՄՆ–ում ապաստանած Ֆեթհուլլահ Գյուլենին՝ Թուրքիայում կալանավորված որևէ ամերիկացի գործչի արտահանձնման դիմաց։
Կողմերի միջև լարվածության մեծացմանը էապես նպաստեց նաև այն, որ որոշ թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ չէին հրավիրվել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսի մամուլի ասուլիսին։ Այդ առթիվ Բասսը հայտարարել էր, որ Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ձգտում են ԱՄՆ դեսպանատան աշխատակցի կալանավորման գործը հետաքննել ոչ թե իրավական դաշտում, այլ մամուլի միջոցով, ինչը չափազանց մտահոգիչ է։
«Times»-ի բնութագրմամբ՝ թուրք–ամերիկյան հարաբերություններում վերջին անգամ նմանատիպ կոնֆլիկտ էր ծագել 1974թ․՝ Կիպրոսի հարցի շուրջ։ Մյուս կողմից, թուրք–ամերիկյան հարաբերությունների սրման պատճառներից է նաև այն, որ վերջին 3 տարում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին։ Իսկ մայիսին Վաշինգտոնում Էրդողանի թիկնազորի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը, ըստ բրիտանական թերթի, իր բացասական ազդեցությունն է ունեցել ԱՄՆ-ում Էրդողանի իմիջի վրա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»: