Գյումուշհանեի հայկական եկեղեցում պեղումներ են կատարվել
Թուրքիայի Գյումուշհանե նահանգի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում պեղումներ են կատարվել։ Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սուլեյմանիե շրջանում՝ մահմեդական մզկիթի հարևանությամբ գտնվող եկեղեցու ներսը շուրջ 2-3 մետր լցված է եղել հողով։
Կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են եկեղեցու շինությանը պատկանող սյուներ, զարդաքանդակներ, հայերեն արձանագրություններ։ Թուրք ճարտարապետ Յուսուֆ Բուրաք Դոլուի խոսքով՝ այս ամենից բացի հայտնաբերվել են նաև տարրեր, որոնք բնորոշ են բացառապես մզկիթներին և հայկական եկեղեցիներում երբևէ չեն օգտագործվել։
«Երկու ուշագրավ դետալ կա․ դրանցից մեկը սյուներից մեկի գագաթին հայտնաբերված եերք կիսալուսնի և սուլթանական կնիքի նշանն է։ Դա հայերի ժամանակներից մնացած և ամենայն հավանականությամբ 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարասկզբին ներկով արված պատկեր է։ Մյուսը նույնպես մի սյան գագաթին տեղակայված կապույտ ներկված մուքարնաս է (իսլամական ճարտարապետությանը բնորոշ, միստիկ իմաստ վերագրվող փեթականման քանդակ – հեղ․)։ Մուքարնասը սովորաբար օգտագործվում է մզկիթներում՝ սյուների գագաթներին կամ գմբեթի ստորին եզրերին։ Բայց այն օգտագործվել է այս եկեղեցում», -նշել է Դոլուն։
Թուրք ճարտարապետը նաև հավելել է, որ Սուրբ Աստվածածինը տարածաշրջանի մյուս եկեղեցիների նման երբևէ մզկիթի չի վերածվել։
«Մինչև 1915թ․հին Գյումուշհանեի շուրջ 15․000 բնակչությունից 1․500-ը հայեր են եղել։ Սա Սուլեյմանիեում միակ հայկական եկեղեցին է եղել», – հավելել է Դոլուն։
Նա նշել է նաև, որ Սուրբ Աստվածածնից շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող Վանք վանական համալիրը Արևելյան Անատոլիայից մինչև Սև ծով ընկած ողջ տարածաշրջանի հայերի համար ուխտատեղի է եղել։
Աղբյուր` Ermenihaber.am