՛՛Ազատ դեմոկրատները՛՛ կմասնակցի խորհրդակցություններին /վիդեո/
՛՛ Կառաջադրվի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ առաջին ու երկրորդ նախագահները չառաջադրման դեպքում իրենց ներկայացուցիչները կունենան ընտրապայքարում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Սակայն, ըստ նրա, կարևոր է ոչ թե թեկնածուի անհատականությունը, այլ նրա առաջարկած ծրագիրը:
Անդրադառնալով քաղաքական խորհրդակցություններին՝ Սեդրակյանը նշեց, որ կուսակցությունները դեռևս մի քանի տարի առաջ պետք է առաջ գային նման առաջարկով: Ամեն դեպքում իրենք ևս մասնակցելու են այդ քննարկումներին, լսելու են առաջարկողների կարծիքները: ՛՛՛՛Ազատ դեմոկրատները՛՛ ևս խոսելու են և խոսելու են բոլոր քաղաքական ուժերի հետ: Բայց հենց մենք պետք է բոլորի հետ խոսենք իբրև ամենալիբերալ քաղաքական ուժ՛՛,-նկատեց կուսակցության փոխնախագահը:
Լրագրողների դիտարկմանը, որ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-՛՛Ժառանգություն՛՛ վերջին հակասություններից հետո արդյոք որևէ ուժ կվստահի նրանց, Սեդրակյանն արձագանքեց՝ ասելով, որ իրենք չեն մեղավոր այդ հակասությունների համար: ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը հավելեց, որ քաղաքական կոնսուլտացիաները կուսակցությունների իրավունքն են ու նրանց որոշելիքը, սակայն միաժամանակ նա խորհուրդ տվեց կողմնորոշվել սեփական դիրքորոշման շուրջ ավելի վաղ, ոչ թե նախագահական ընտրությունների նախաշեմին: