«Մեծահասակներին բանի տեղ դնող չկա, գործատուները ջահել, սիրուն աղջիկներին են գործի վերցնում»
Ինչպես հայտնել ենք, այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բացվեց աշխատանքի տոնավաճառ։
Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի դիտարկում ներկայացրին․ 35-ից բարձր տարիք ունեցող անձանց համար աշխատանք գտնելը շատ բարդ է։
Գործատուների մեծ մասն ուզում է երկտասարդներին աշխատանքի ընդունել, իսկ ի՞նչ անեն մեծահասակները, ինչպե՞ս կարգավորել այդ մեխանիզմը։
Անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ Արտակ Մարգարյանը շեշտեց՝ մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, իսկ գործատուն միշտ ուզում է մինիմալ ռեսուրսներով բարձր արդյունավետություն ունեցող աշխատողներ ընդունել աշխատանքի։
«Եթե գործատուին հարմար չէ աշխատանք փնտրողը, ապա ինքը նրան աշխատանքի չի ընդունի։ Իսկ այս պահին կարգավորող մեխանիզմ չկա»,- ասաց նա։
Henaran.am-ի թղթակիցը անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ դիմեց աշխատանքի տոնավաճատում աշխատանք փնտրող մի տիկնոջ՝ տիկին Սվետային։ Մեր հարցին՝ մեր երկրում մեծահասակների համար աշխատանք գտնելն, իսկապես, շա՞տ բարդ է, վերջինս պատասխանեց․ «Հույս էլ չունեմ, որ այստեղ պիտի գործ գտնեմ, բայց դե, փորձում եմ։ Բարձրագույն կրթություն ունեմ․ մի ժամանակ մասնավոր աշխատում էի։ Երեխային օգնում է դասապատրաստման ընթացքում, խնամում էի, մինչև ծնողները վերադառնային աշխատանքից, բայց հետո այդ աշխատանքը կորցրի․ հիմա ձեռնունայն եմ մնացել։ Ամեն տեղ աշխատանք եմ փնտրում՝ սուպերմարտետ, խանութ, տարբեր կազմակերպությունների եմ դիմում․․․, բայց իզուր։ Մեծահասակներին բանի տեղ դնող չկա, գործատուները ջահել, սիրուն աղջիկներին են գործի վերցնում»: