29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Hurriyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չևիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին։

Հիշեցնում է, որ այդ արձանագրություններով նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների զարգացում և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ երկու երկրների խորհրդարանները վավերացնեին արձանագրությունները։ Մինչդեռ առ այսօր վավերացված չեն։

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կամ այս հարցում որևէ դրական առաջընթացի արձանագրումը առաջադրեց որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, ինչը բարդացրեց իրավիճակը։ Հայաստանը, որ մինչ այդ պահը կարծում էր և համոզվել էր, թե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները և հենց այդ նպատակով է ձեռնամուխ եղել արձանագրությունների ստորագրման գործընթացին: Բայց Հայաստանը դադարեց հավատալ Թուրքիայի անկեղծությանը, երբ վերջինս առաջ քաշեց նախապայմաններ», – գրում է հեղինակը:

Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով Հայաստանը հայտարարեց, որ չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան դրանք չի վավերացրել։ Իսկ 2015թ․ փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի օրակարգից լիովին հեռացրեց արձանագրությունների հարցը։

Հեղինակը անդրադառնում է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի հետևյալ տողերին․ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»:

Հիշեցնելով, որ մինչև 2018թ․ որևէ դրական առաջընթաց չգրանցվելու դեպքում Հայաստանը արձանագրությունները «առ ոչինչ» կճանաչի, Չևիքօզը նկատում է, որ Թուրքիայում տիրող քաղաքական դրությունից դատելով՝ դժվար թե մինչև 2018թ․ գարունը արձանագրությունների վավերացման ուղղությամբ որևէ առաջընթաց հնարավոր լինի։

«Հայաստանի հետ հարաբերություների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր։ Ժողովրդավարացման մի տարրը սառը պատերազմից մնացած այս իրավիճակի շտկումն էր, մյուսը՝ Թուրքիայի ներսում ապրող քուրդ հասարակության հետ հաշտեցումը։ Այս երկու հարցն էլ արդեն օրակարգում չեն։ Ժողովրդավարացումն էլ Թուրքիայում արդեն օրակարգում չէ»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ կարգավորման համար արդեն ավելի ճիշտ կլինի սպասել Թուրքիայի ժողովրդավարացմանը։

Չևիքյոզի կարծիքով՝ հայկական կողմը սխալ կանի, եթե արձանագրությունները ճանաչի առ ոչինչ, քանի որ այդ դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա Հայաստանին «քավության նոխազ» դարձնելու և պնդելու, թե Հայաստանն առաջինն է հրաժարվել կարգավորման գործընթացից։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ